13:33  ,  24 սեպտեմբերի, 2012

Մեկնարկեց Համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը

Սեպտեմբերի 24-ից 29-ը Հայաստանի զինված ուժերի զորամասերում կանցկացվեն  15-րդ հոբելյանական համաբանակային սպորտակիադայի մրցումները:
 
Սեպտեմբերի 24-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ համաբանակային սպարտակիադայի բացման արարողությունը:

«Նախկինում համաբանակային սպարտակիադան անցկացվում էր ամեն տարի, այժմ՝ երկու տարին մեկ։ Եզրափակիչ փուլ հասնելու համար այստեղ կանգնած ամեն զինվոր անցել է երեք փուլ: Մարզիկ-զինվորները տարբեր մարզաձեւերում հաղթող են ճանաչվել իրենց զորամասերում, բանակային կորպուսի երկրորդ փուլում: Այսինքն՝ զորամասերի հաղթողները հանդիպել են նաեւ կորպուսում, իսկ այս երրորդ փուլում եկել են ուժերը չափելու ամբողջ զինված ուժերի մասշտաբով»,- ասաց ԶՈւ մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտմասսայական աշխատանքների բաժանմունքի պետ փոխգնդապետ Արման Դավթյանը

Համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլին մասնակցում է  400 զինվոր,  Հայաստանի տարբեր զորամասերից: Ինչպես նշում է Արման Դավթյանը, սպարտակիադայի առաջին փուլում մասնակցել են Հայաստանի զորամասերի զինվորների մոտ 85 տոկոսը։

«Սպարտակիադայի ծրագրում կա 15 մարզաձեւ` ռազմամարզական եռամարտ, ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում,  հրաձգություն, կշռաքարի բարձրացում, բազկամարտ, ուժային եռամարտ, պարանի ձգում եւ շվեդական փոխանցումավազք։ Ռազմամարզական կողմնորոշումը եւ շվեդական փոխանցումավազքը Հայաստանում անցկացվում է առաջին անգան։

Այս սպարտակիադան բանակի ֆիզպատրաստության ամբողջ համակարգի մի ճյուղն է, որը նպատակ ունի զինվորներին ուժեղացնել ֆիզիկապես, հոգեպես, ինչպես նաեւ կամային հատկանիշներով: Իսկ իրականում սա գովազդ է, սպորտի գովազդ բանակում: Այս սպարտակիադային մասնակցելով՝ զինվորները, տեսնելով իրենց ընկերների բարձր նվաճումները, սկսում են աշխատել իրենց վրա եւ մասնակցություն ցուցաբերել հաջորդ սպարտակիադաներում»,- Արման Դավթյանը։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում