14:57  ,  11 սեպտեմբերի, 2012

Բուլղարացի սքինհեդները հարձակվել են ՖԱՖ-ի անդամների վրա

Սոֆիայում սեպտեմբերի 10-ի ուշ երեկոյան բուլղարացի սքինհեդները հարձակվել են զբոսանքի դուրս եկած հայ ֆուտբոլասերների վրա։ ՖԱՖ-ի անդամները եղել են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկներով, Հայաստանի եռագույն դրոշներով։

NEWS.am Sport-ի թղթակիցը Սոֆիայից հայտնում է, որ մի քանի սափրագլուխներ հետեւից հարձակվել են հայ երկրպագուների վրա, փորձել են հրել եւ հարվածել։ Բախում է սկսվել, որից հետո սքինհեդները հեռացել են։ Մոտակա տարածքում ոստիկաններ չեն եղել։ Հայ երիտասարդները լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Բուլղարացի լրագրողները հայ երկրպագուներին խորհուրդ են տալիս ազգային ատրիբուտիկայով զբոսնելիս զգույշ լինել, քանի որ Բուլղարիայում շատ են թմրամոլ սքինհեդները, որոնք էլ հիմնականում ստադիոն են գնում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի 22։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով