18:45  ,  15 մարտի, 2012

Հավաքականը համալրել են «Օլիմպիկի» եւ «Սեւիլիայի» ֆուտբոլիստներ. հարցազրույց

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարին սկսել է նախապատրաստվել այս տարվա սկզբից: Գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ թիմը նոր է ավարտել ուսումնամարզական հավաքը ֆուտբոլի ակադեմիայում: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Ռոման Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, հերթական հավաքի ընթացքում հավաքականում փորձարկում էիք միայն տեղի ֆուտբոլիստների՞ն, թե՞ կային նոր խաղացողներ արտասահմանից:

Այս այնգամ էլ մենք փորձարկում էինք բոլոր նրանց, ովքեր կարող են համալրել մեր թիմը: Երեք ֆուտբոլիստներ ժամանել էին արտասահմանից: Մոսկվայի «Լոկոմոտիվից» ժամանել էր դարպասապահ Անատոլի Այվազովը, Մարսելի «Օլիմպիկից» Դավիթ Մալխասյանը եւ Ֆուրման Մելքոնյանը` «Սեւիլիայից»: Այս ֆուտբոլիստները բոլորն էլ նորեկներ են եւ մենք գործում փորձում ենք տեսնել նրանց կարողությունները: Ասեմ, որ երեք ֆուտբոլիստներն էլ շատ լավ տպավորություն թողեցին, բայց ես կառանձնացնեի Անատոլի Այվազովին: Մեր հավաքականը դարպասապահի խնդիր ունի, ու Այվազովը մեզ համար հայտնություն է: Անցած ընտրական մրցաշարում մեր հավաքականը հենց դարպասապահի խնդրի պատճառով հաջողության չհասավ:

Հավաքականի խաղացողների ընտրության հարցում ձեր հնարավորությունները ինչ-որ չափով մեծացել են:

Այո: Մենք արդեն երկու տարի է, ինչ բացի տեղի ֆուտբոլիստներից փորձարկում ենք նաեւ արտասահմանցի հայ ֆուտբոլիստների: Համեմատության համար ասեմ, որ «դրսից» եկող ֆուտբոլիստները ուժեղացնում են մեր թիմը: Մրցակցություն է առաջանում, ու չնայած պատանի հասակին տղաները արդեն հասկանում են, որ հավաքականում խաղալու համար արժանի խաղ պետք է ցույց տան:

Մինչեւ 17 տարեկանների հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը մասնակցելու է Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությանը: Ի՞նչ կտա այս մրցաշարը մեր թիմին:

Միջազգային հանդիպումների նշանակությունը շատ մեծ է ոչ միայն մեր, այլ նաեւ բոլոր թիմերի համար: Այս թիմի համար սա լինելու է առաջին միջազգային մրցաշարը: Փորձ, վարպետություն, հոգեբանություն, այս բոլոր կարեւոր գործոնները նման կարգի մրցաշարերում են ձեւավորվում: Ճիշտ է, անցյալ տարի մեր թիմը միջազգային կարգի, ընկերական չորս հանդիպում անցկացրել ենք (երկուական անգամ Վրաստանի եւ Իրանի հասակակիցների հետ), բայց առաջին անգամն ենք մասնակցելու միջազգային մրցաշարի: Բավականին ուժեղ թիմեր են մասնակցում Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունում, եւ ես համոզված եմ, որ նման մրցաշարը կնպաստի մեր թիմի խաղային աճին:

Իսկ բացի այս մրցաշարից մինչեւ 17 տարեկանների հավաքականը մինչեւ սեպտեմբեր նոր հանդիպումներ անցկացնելո՞ւ է:

Կարծում եմ` այո, համենայնդպես ֆեդերացիայի համապատասխան բաժինը այդ ուղղությամբ աշխատում է, եւ ինձ թվում է, որ մինչև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը մեք դեռեւս ընկերական հանդիպումներ կանցկացնենք, կամ, ինչու չէ, միջազգային մրցաշարի էլ կարող ենք մասնակցել: Տեսեք, մենք ստուգողական հանդիպումներ ենք անցկացնում նաեւ տեղում: Այս հավաքի ընթացքում մրցեցինք «Միկա-2»-ի եւ «Փյունիկ-2»-ի հետ, սակայն միջազգային հանդիպումները էականորեն տարբերվում են տեղի խաղերից: Այնպես որ, ինչքան հնարավոր է շատ խաղեր միջազգային մակարդակով անցկացնելով մենք կկարողանանք տեսնել թիմի ուժեղ ու թույլ կողմերը ու շտկել ամեն ինչ մինչեւ սեպտեմբեր:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական առաջին խմբում մրցելու է Սերբիայի, Բելառուսի եւ Մոլդովայի թիմերի հետ: Մրցակիցները ծանո՞թ են:

Հիմա թույլ մրցակիցներ չեն լինում: Բոլորն էլ ուժեղ են: Իհարկե կառանձնացնեի Սերբիայի հավաքականին: Մինչեւ 17 տարեկանների անցյալ մրցաշարում Սերբիայի ընտրանին շատ ուժեղ թիմով էր ներկայացել, եւ ես կարծում եմ, որ այս տարի էլ այդ առումով բացառություն չի լինելու: Իսկ Բելառուսի եւ Մոլդովայի թիմերին ծանոթանալու համար ֆեդերացիայի աշխատակիցները բանակցությունների մեջ են, եւ շուտով մենք կունենանք տեսաերիզներ, որոնց միջոցով էլ պատկերացում կկարողանանք կազմել այդ թիմերի մասին:

Մինչեւ 17 տարեկանների ներկայիս հավաքականը փաստորեն գործում է անցյալ տարվանից, քանի որ ձեր ղեկավարությամբ անցյալ տարի մարզվում էր մինչեւ 16 տարեկանների թիմը:

Այո, սա առաջին դեպքն է, երբ թիմը ավելի շուտ է հավաքվել: Ես կասեի` թիմը կա 2010 թվականից: Այդ տարվա վերջում մենք հավաք անցկացրեցինք ու սկսեցինք ուսումնասիրել տարիքային այդ խմբում բոլոր ֆուտբոլիստներին: Ասեմ, որ տեղի կադրերից հավաքականի կազմում հանդես են գալիս «Փյունիկի» եւ «Բանանցի» պատանի ֆուտբոլիստները, մեկ ֆուտբոլիստ կա «Միկայից», մեկն էլ «Շենգավիթից»: Բայց հավաքականի դռները միշտ էլ բաց են, եւ ես հետեւելու եմ տեղի ֆուտբոլիստների ելույթներին ու չեմ բացառում, որ նոր տղաներ կարող են հայտնվել հավաքականում: Արտասհամանից ունենք նաեւ ֆուտբոլիստներ, որոնց մենք շարունակելու ենք փորձարկել:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով