22:18  ,  6 սեպտեմբերի, 2012

Հայաստան - Գերմանիա՝ 2.5։1.5. մեկնաբանում է Լեւ Պսախիսը

Հայաստանի հաղթանակը Գերմանիայի հավաքականի նկատմամբ (2.5։1.5) NEWS.am Sport-ի համար մեկնաբանում է նախկին ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Իսրայելի չեմպիոն, 1980-ականների լավագույն շախմատիստներից մեկը՝ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ գրոսմայստեր Լեւ Պսախիսը։

«Առաջինը, ինչ ես մտածեցի նայելով թիմերի կազմերին, դա այն էր, որ այս մրցամարտը պրակտիկորեն կարելի է անվանել մրցամարտ Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ: Քանի որ երեք այսպես կոչված գերմանացիները ծննդյան փաստով հենց այդ համակարգն են ներկայացնում: Իհարկե Հայաստանն էր համարվում ֆավորիտը, սակայն Գերմանիայի թիմին ոչ մի դեպքում չէր կարելի թերագնահատել: Նրա հաղթանակների ցանկը վերջերս զգալիորեն թարմացել է:

Անդրադառնանք պարտիաներին։ Ինձ համար բավական հետաքրքիր ծավալվեցին իրադարձությունները առաջին երեք խաղատախտակների վրա: Առաջին 20 (մոտավորապես) քայլերի ընթացքում սպիտակներով խաղացած  շախմատիստներն ընդհանրապես ժամանակ չէին ծախսում։ Նույնիսկ, մի փոքր վաստակեցին ժամանակ։

Ինձ չէր թվում, թե Լեւոնը ռեալ առավելություն ստացավ սկզբնախաղի արդյունքներով, բայց նա այնքան արագ ու վստահ էր խաղում, որ, միգուցե, հոգեբանական ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Առավել եւս, որ արժանիորեն վաստակած վերջնախաղի փայլուն մասնագետի համբավը նույնպես Արոնյանի օգտին էր խոսում։ Աստիճանաբար նա կարողացավ առավելության հասնել ոչ միայն ժամանակային, այլ նաեւ դիրքային տեսանկյունից։ Չգիտեմ՝ կարո՞ղ էր արդյոք Նայդիչը ոչ ոքի ավարտել պարտիան տարագույն փղերով էնդշպիլում, բայց Լեւոնը նախանձելի հեշտությամբ հաղթանակ տարավ։

Երկրորդ խաղատախտակի վրա, որտեղ խաղում էին Հենկինն ու Մովսեսյանը, գերմանացին նույնպես ակտիվություն ցուցաբերեց մեկնարկում։ Մրցակիցները սլավոնական պաշտպանությունում խաղարկեցին  մոդայիկ տարբերակ (համենայն դեպս, այն նորաձեւ էր 6-7 տարի առաջ, երբ ես դադարեցի հետեւել սկզբնախաղի տեսությանը), եւ իմ կարծիքով, սպիտակներով խաղացող շախմատիստն ավելի ակտիվ ու սուր էր խաղում։

Սերգեյն այն շախմատիստներից չէ, ով նախընտրում է խուլ պաշտպանությունը։ Նա անմիջապես ակտիվացրեց խաղը կենտրոնում։ Ես կնախընտրեի խաղալ սպիտակ ֆիգուրներով։ Ինձ թվում է, որ 32–րդ քայլում, երբ կողմերը համաձայնեցին ոչ ոքիի, սպիտակները, մեղմ ասած, կարող էին այլ արդյունքի հույսեր ունենալ, որն ի դեպ թիմին շատ պետք կգար։

Հետաքրքրությամբ հետեւում էի երրորդ խաղատախտակի վրա ընթացած Վլադիմիր Հակոբյան – Գեորգ Մայեր պարտիային։ Հակոբյանը խաղում էր բավական խորամանկ եւ որոշակիորեն ցինիկաբար՝ լավ իմաստով։ Նա չէր հավակնում մեծ առավելության՝ միշտ պահպանելով փոքր, երբեմն խորհրդանշական պլյուս։ Հակոբյանը հաշվարկ անելիս հիմքում դրել էր իր մեծ փորձը եւ ճիշտ դուրս եկավ։

Կրկնում եմ, որ գործնականում ամբողջ պարտիայի ընթացքում սեւերը պասիվ, բայց անհավանական ամուր պաշտպանությունում ոչ մի հիմնախնդիր չունեցան։ Մայերը 30-րդ քայլից սկսեց ոչնչացնել իր դիրքը, իսկ 33...f5?-ն արդեն սեւերի համար ստեղծեց մեծ խնդիրներ։ Սեւերի հետագա քայլերը նույնպես դրժվար է խորհուրդ տալ որպես լավ պաշտպանության օրինակ, իսկ վերջին քայլում թագուհով կատարած քայլի անճշտությունը արձանագրեց անխուսափելին։

Հակոբյանը հաղթեց գուցե եւ ոչ շատ գեղեցիկ պարտիայում, սակայն միավորը շատ կարեւոր էր։

Չորրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը առանց մեծ խնդիրների հավասարեցրեց հնարավորությունները, սակայն բարդ վերջնախաղում Դանիել Ֆրիդմանն ավելի ուժեղ էր։ Նրա տրամադրության տակ էին երկու ուժեղ փղեր եւ տեխնիկապես հզոր շախմատիստը կարողացավ դրանք օգտագործել 100 տոկոսով։ Փոխանակելով փղերը նա մեծացրեց առավելությունը։

Սակայն ընդհանուր հաղթանակի դեպքում կարելի է եւ տանուլ տալ լոկալ ճակատամարտերում։

Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին եւ բոլոր հայ շախմատիստներին արժանի հաղթանակի կապակցությամբ։ Մաղթում եմ հաջողություններ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news