13:25  ,  29 օգոստոսի, 2012

Շախմատի պատանեկան օլիմպիադային ընդառաջ

Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ այսօր՝ օգոստոսի 29-ին, Ստամբուլում մեկնարկում է մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան:

Թուրքիայում անցկացվող ավադական մրցաշարում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականում հանդես կգան` Տիգրան Կ. Հարությունյանը (2308 վարկանիշ), Մանուել Պետրոսյանը (2286), Արման Միքայելյանը (2244), Նորայր Թորոսյանը (2188) եւ Վլադիմիր Խանջարյանը (2091): Թիմի գլխավոր մարզիչն է Արսեն Եղիազարյանը:

Մասնակից 39-ը հավաքականների մեջ Հայաստանի պատանեկան թիմը վարկանիշով չորրորդն է՝ միջինը 2257 վարկանիշ: Այս առումով ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է` 2438 վարկանիշ: Իրանի թիմը երկրորդն է` 2289 վարկանիշ, եռյակը եզրափակում է Հնդկաստանի հավաքականը` 2276 վարկանիշ:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 16:30-ին, կկայանա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ 17:30-ին կմեկնարկի առաջին տուրը: Մասնակիցները շվեցարական մրցակարգով կպայքարեն 10 տուր: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 1998 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականը Ստամբուլում դարձավ օլիմպիադայի չեմպիոն: Այդ ժամանակ Հայաստանի թիմի կազմում էին` Լեւոն Արոնյանը, Գաբրել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Վարուժան Հակոբյանը: Իսկ 12 տարի անց Ստամբուլում նույն հաջողությունը կրկնեցին՝ Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը: 2011 թվականին հայ պատանի շախմատիստները համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրին երկրորդ տեղը՝ զիջելով չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում