15:20  ,  24 օգոստոսի, 2012

Ռոբերտ Արզումանյան. «Կրասնոդարը» ցանկանում էր ձեռք բերել ինձ

ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն օգոստոսի 22-ին պայմանագիր կնքեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ ԲՄԱ-Էներգիայի հետ:

Մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը 26-ամյա պաշտպանը վարձավճարով հանդես կգա ռուսական ակումբում: Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է լեհական «Յագելոնիային»:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արզումանյանի հետ:

Ռոբերտ, շնորհավորում եմ նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ: Որքա՞ն ժամանակով է կնքված պայմանագիրը:

Դա վարձակալության պայմանագիր է: ԲՄԱ-Էներգիայում հանդես կգամ մինչեւ եկող տարվա մայիսի 31-ը:

Մինչեւ այս խոսվում էր, որ փորցաշրջան ես անցնում «Կրասնոդարում»: Ինչո՞ւ չտեղափոխվեցիր այնտեղ:

Մի քանի օր մարզվեցի Կրասնոդարում: Սկզբում անհանգստանում էին վնասվածքիս համար, բայց հետո ցանկանում էին ինձ ձեռք բերել ինձ թե՛ մարզիչները, թե՛ ակումբի ղեկավարությունը: Գործը հասել էր պայմանագիր ստորագրելուն, սակայն վերջում իրենց սկաուտները մարզիչին խորհուրդ տվեցին այլ ֆուտբոլիստի ձեռք բերել: Դա էր պատճառը, որ ավելի շուտ չտեղափոխվեցի ԲՄԱ-Էներգիա:

Փաստորեն, ԲՄԱ-Էներգիա վաղո՞ւց էր հետաքրքրվում քո ծառայություններով:

Այո, մեկ ամսից ավելի: Սպասում էին «Կրասնոդարի» պատասխանին:

Գո՞հ ես քո տրանսֆերից:

Այո, գոհ եմ: Հիմա ինձ համար ամենակարեւորը մշտապես խաղալն ու լավ մարզավիճակում լինելն է:

Ի՞նչ կասես նոր թիմի մասին:

Լավ թիմ է: Մարզիչն այս ամառ գրեթե ողջ կազմը փոխեց: Այժմ 2-3-րդ տեղում է ընթանում: Թիմի գլխավոր նպատակը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելն է:

Ե՞րբ կարող ես խաղալ:

Այստեղ լեգիոնականների հետ կապված որոշ խնդիրներ կան: Աշխատանքի թույլատվության հարցերը պետք է լուծել: Դա մի քանի օր կտեւի:

Ե՞րբ կրկին լավ մարզավիճակում կլինես:

Մարզիչը հատուկ մարզումներ է ինձ համար անցկացնում, որպեսզի ես շուտ վերականգնվեմ: Կարելի է ասել, որ արդեն մոտավորոպես 70% վերականգնվել եմ: Մնում է մի քանի խաղ անցկացնեմ լիովին պատրաստ լինելու համար:

Ի՞նչ ես կարծում, Հայաստանի հավաքականի առաջիկա երկու խաղերին կհրավիրվես ազգային թիմ:

Չգիտեմ: Ինձանից կախված չէ: Եթե հրավիրեն, ես պատրաստ կլինեմ միանալ հավաքականին:

Բելառուսի հետ խաղում մեր հավաքականի պաշտպանությույնը մեղմ ասած այդքան էլ լավ չխաղաց: Ո՞րն էր պատճառը:

Կարծում եմ, որ ընդհանուր կազմակերպվածությունը լավ չէր, բայց այդ խաղում կարող էինք խոշոր հաշվով հաղթանակ տանել:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով