19:46  ,  13 մարտի, 2012

Սուրեն Չախալյան. «Փյունիկը» շեշտը դնում է սեփական կադրերի վրա

Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երկար տարիներ չեմպիոնական  տիտղոսը չէր զիջում բարձրագույն խմբի առաջնության ոչ մի թիմի: Անցյալ տարի «Փյունիկը» գրավեց երկրորդ տեղը` առաջ թողնելով «Ուլիսին»: Թիմի կազմում սկսեցին հանդես գալ երիտասարդ ֆուտբոլիստներ, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում այս տարի թիմին առաջնորդելու է Սուրեն Չախալյանը: Այժմ «Փյունիկը» գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անցկացնում է մրցաշրջանի մեկնարկից առաջ վերջին հավաքը: Կատարված աշխատանքների եւ սպասելիքների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հետ:

Պարոն Չախալյան, մինչեւ ուսումնամարզական վերջին հավաքին մեկնելը ինչ-որ ծրագրել էիք կատարվե՞լ է, եւ դուք գո՞հ եք ֆուտբոլիստների ներկայիս մարզավիճակից:

Այս պահի դրությամբ ըստ նախատեսցածի ամեն ինչ կատարվել է: Թիմի համար ստեղծվել էին բոլոր պայմանները մարզումներն անցկացնելու եւ ինչպես հարկն է նախապատրաստվելու համար: Ֆուտբոլիստներն էլ իրենց աշխատանքը կատարում են մեծ նվիրվածությամբ, եւ դա բնականաբար գոհացնող հանգամանք է: Ամենակարեւոն այն է, որ լուրջ վնասվածքներ չունենք, եւ բոլոր ֆուտբոլիստներն էլ շարքում են: Ինչպես գիտեք, մենք փորձարկում էինք Ռուսաստանից ժամանած երկու հայ երիտասարդ ֆուտբոլիստների: Առայժմ մենք գոհ ենք նրանցից, եւ երկուսն էլ մասնակցելու են երրորդ հավաքին:

Իսկ ստուգողական հանդիպումների մասին ի՞նչ կասեք:

Ստուգողական հանդիպումների ընթացքում մենք ստուգում էինք, կարելի է ասել, մեր մարզումների արդյունքները: Պետք էր հասականալ, թե ինչում են թերանում ֆուտբոլիստները եւ ինչն է լավ ստացվում: Արդյուքները նման խաղերում, իհարկե, առաջնային կարեւորություն չունեն: Մեզ հարկավոր է թիմի նախապատրաստությունը ճիշտ ճանապարհով տանել, եւ դա հասկանալու համար էլ հարկավոր են ստուգողական հանդիպումները: Եղան պարտություններ, որոնք այնքան էլ ցանկալի չէին: Կոնկրետ ԲՄԱ-Էներգիայի հետ մրցավեճը մեր թիմը անցկացրեց ոչ լիարժեք կազմով, քանի որ շատ խաղացողներ ազգային հավաքական էին հրավիրվել: Մյուսների համար դա շատ կարեւոր փորձություն էր եւ դաս:

«Փյունիկը» անցյալ առաջնության վերջնամասում լրիվ երիտասարդ ֆուտբոլիստներով էր հանդես գալիս: Հիմա էլ համալրումը նորից երիտասարդներ են: Ըստ ձեզ «Փյունիկը» նման կազմով ինչպիսի՞ խնդիրներ կարող է լուծել:

Դե, կարծում եմ, հասկանալի է, որ «Փյունիկը» պայքարել ու պայքարելու է միայն չեմպիոնական տիտղոսի համար: Թիմի ներկայիս կազմն էլ, ըստ իս, լրիվ հնարավորություններ ունի ու կպայքարի մեր նպատակները իրականացնելու համար:

Հայաստանի առաջնությունը բնականաբար այլ նպատակներ ու լարվածություն ունի, Եվրոպայի լիգայի մրցաշարը` այլ: Այս կազմով «Փյունիկը»  կկարողանա՞ արժանի հանդես գալ ակումբային այս հեղինակավոր մրցաշարում:

Հիմա կարեւորն է արժանի կերպով մեկնարկել մեր առաջնությունում ու շարունակել հաջող ելույթները: Թե ինչ կլինի հետո,  հիմա չեմ էլ կարող ասել: Թիմի կազմը սա է, եւ, ինչպես գիտեք, «Փյունիկը» շեշտը դնում է իր կադրերի վրա:

Արտասահմանցի ֆուտբոլիստների մասին խոսք չկա:

Ոչ, մենք խաղալու ենք միայն մեր ֆուտբոլիստներով, եւ ակումբը նոր խաղացողներ արտասահմանից չի հրավիրելու: Հիմա ներկայիս կազմում խաղային մեկ դիրքի վրա բավականին մեծ մրցակցություն կա: Մեր թիմի խաղացողները հանդիսանում են մեր ազգային եւ տարիքային տարբեր հավաքականների խաղացողներ են, այնպես որ խաղային պրակտիկան ու փորձը մեր տղաներին իհարկե պետք կգան:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով