Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսին:
Կողմերը քննարկել են պարալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:
Նախարարը Փարսոնսին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաշմանդամային սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահն անդրադարձել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համագործակցությանը, ինչը, հյուրի խոսքերով, հաջող իրականացվում է միջազգային կոմիտեների մակարդակով:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի պարամիլպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում