Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանի Գդինա քաղաքում անկացված բազկամարտի աշխարհի առաջնությունում 20-ամյա երեւանցի Աշոտ Ադամյանը, եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (մինչեւ 60կգ քաշային կարգ): Աշխարհի առաջնություններում սա հայ բազկամարտիկի երկրորդ ոսկե մեդալն էր, իսկ երեք ամիս առաջ Աշոտ Ադամյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Այժմ նա պատրաստվում է բազկամարտի Հայաստանի առաջնությանը, իսկ նոյեմբերին կմասնակցի Վարշավայում կայանալիք «Նեմիրովի Գավաթ» հեղինակավոր մրցաշարին:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Աշոտ Ադամյանի հետ։
Աշոտ, շնորհավորում եմ քեզ աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Կպատմե՞ս եզրափակիչի մասին, այն փաստը, որ եզրափակիչում ադրբեջանցի մարզիկի հետ էիր հանդիպելու, քեզ ո՞ւժ էր տալիս թե՞ հուզվածություն կար:
Ասեմ, որ ադրբեջանցին աշխարհի քառակի չեմպիոն է եւ շատ ուժեղ մարզիկ: Պայքարը նրա հետ շատ բարդ ստացվեց: Ես շատ ազգասեր եմ եւ ամեն ինչ արեցի, որպեսզի հաղթեմ նրան եւ ազգիս պատիվը բարձր պահեմ: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին մոտ 1500 մարզիկներ: Եզրափակիչում ադրբեջանցի մարզիկին հաղթելն ինձ համար ազգի հարց էր:
Վերադառնանք մի փոքր հետ: Քանի՞ տարի է զբաղվում ես բազկամարտով:
16 տարեկանից, արդեն 4 տարի է:
Ինչո՞ւ ընտրեցիր հենց բազկամարտը:
Դեռ փոքր տարիքից ձեռքերս ուժեղ են եղել, հենց դրա համար:
Երբ սկսեցիր մարզվել, պատկերացնո՞ւմ էիր, որ այսքան կարճ ժամանակահատվածում կհասնես այսպիսի լուրջ նվաճումների:
Եթե ինչ-որ բան մտածել եմ, որ կանեմ, ուրեմն ամեն կերպ ձգտել եմ հասնել ուզածիս: Այս դեպքում էլ հավատում էի, որ կարող եմ:
20 տարեկան ես եւ արդեն հասցրել ես դառնալ Եվրոպայի, աշխարհի կրկնակի չեմպիոն: Ինչպե՞ս է հաջողվել հասնել ֆիզիկական այսպիսի որակների:
Շատ եմ մարզվում եւ մեծ ձգտում ունեմ, երեւի դա է պատճառը:
Աշոտ, արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն ես, կարելի է ասել՝ նվաճել ես ամենաբարձր գագաթը: Այսպիսի հաղթանակներից հետո նորից չեմպիոն դառնալու ձգտումը գնալով չի՞ պակասում:
Ոչ, ես միշտ հետաքրքրություն եմ գտնում: Չեմ հոգնում եւ նայում եմ ավելի առաջ ու առաջ:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո` NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում