Լատինամերիկյան պարերի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունը կնպաստի սպորտային պարերի զարգացմանը Հայաստանում (տեսանյութ)։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մխիթարյանը։
Նոյեմբերի 27-ին Երեւանում անցկացվեց լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնություն, որին մասնակցում է 32 երկրից 56 պարային զույգ։
« Շատ հետաքրքիր եւ լարված է անցնում աշխարհի առաջնությունը։ Հայաստանը երկրորդ անգամ է ընդունում աշխարհի առաջնությունը։ Առաջին անգամ անցկացրել ենք 2019 թվականին մինչեւ 21 տարեկանների առաջնություն։ Այս տարի մինչեւ 18 տարեկանների աշխարհի ամենաուժեղներն են մրցում։ Շատ դժվար մրցակցություն է։ Հայաստանը ներկայացել է երկու պարային զույգով։ Մեր զույգը հրաշալի մասնակցեց։ Հուսանք նրանք դուրս կգան եզրափակիչ, այսինքն կմտնեն լավագույն 6-ի մեջ։ Հասկանալի էր նաեւ, որ շատ ուժեղ երկրների հետ ենք մրցում։ Այնպիսի երկրների,որտեղ լատինաամերիկյան պարերը շատ զարգացած եւ տարածված են», - ասաց Արմեն Մխիթարյանը։
Մ18 աշխարհի առաջնության ժուրիի կազմն ընտրված է միջազգային ֆեդերացիայի կողմից։ Երեւանում անցկացվող աշխարհի առաջնությանը ներկա է նաեւ Սպորտային պարերի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը, որը նաեւ առաջնության գլխավոր մրցավարն է։
Առաջնությունը դեռ շարունակվում է։ Տեւելու է մեկ օր։ Տեղի է ունենում ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ ներկա է մեծ թվով հանդիսատես։ Արդեն տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում աշխարհի ուժեղագույն զուգերը լատինաամերիկյան պարեր պարեցին նաեւ Սպիտակցի Հայկոյի երգի ներքո: Գլխավոր մրցավարի երգի ընտրությունը դուր եկավ հատկապես ներկաներին։
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, հնչող երգի ընտրությունը կարեւոր չէ, զույգերը պետք է ռիթմը բռնեն։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում