Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 12-13–ին կմասնակցեն Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվելիք թիավարության բայդարկա և կանոե մրցաձևերի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Մինչեւ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար մայիսի 8–ից կկազմակերպի ուսումնամարզական հավաք: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոեի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11–ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը (ծնվել, մեծացել և ապրում է Երևանում) և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:
Օլիմպիական ուղեգիր կստանան առաջին քառյակներում տեղ գրաված թիավարները:
Վարկանիշային մրցաշարի ավարտից հետո Ցեգետ քաղաքում Հայաստանի պատվիրակները կմասնակցեն մայիսի 15–ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հունգարիայից Արա Վիրաբյանը եւ Էդգար Թությանը մարզիչ Շահվալադյանի հետ կմեկնեն Բառնաուլ, որտեղ անցկացվելիք վարկանիշային մրցաշարում դարձյալ կմրցեն օլիմպիական ուղեգրերի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում