Էմերի․ Վատ նորություն է, բայց հարգում եմ Մխիթարյանի որոշումը

19:38   21 մայիսի, 2019

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է անգլիական ակումբի որոշումը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չհայտավորել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին։

«Վատ նորություն է, բայց մենք ոչինչ չենք կարող անել այս հարցում։ Սա շատ անձնական որոշում է, եւ մենք պետք է այն հարգենք։ Ես չեմ հասկանում քաղաքական խնդիրները, բայց ես պարտավոր եմ հարգել այդ որոշումը։

Ես զրուցել եմ առավոտյան Մխիթարյանի հետ։ Դա անձնական որոշում է։ Ես հարգում եմ նրան։ Նա ցանկանում է խաղալ եւ օգնել թիմին, բայց նրանք խոսել են ֆուտբոլիստի եւ նրա ընտանիքի հետ եւ որոշել են չմեկնել։

Ես Բասկերի երկրից եմ, եւ մենք ունեինք մեծ քաղաքական խնդիր, որը լուծվել է միայն հինգ կամ վեց տարի առաջ, եւ ես կարող եմ հասկանալ, որ սա շատ անձնական որոշում է նրա ընտանիքի եւ կարծում եմ՝ երկրի համար։

Ես չեմ կարող ստիպել նրան գալ մեզ հետ, քանի որ ես հարգում եմ Մխիթարյանին։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ նա մասնակցեր այդ խաղին եւ օգներ մեզ իր որակներով, բայց այս խնդիրը իմ իրավասության մեջ չէ, սակայն ես 100 տոկոսով հարգում եմ նրա որոշումը»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայանալիք խաղում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։

ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ Մխիթարյանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են չհայտավորել ֆուտբոլիստին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։