ՀՖՖ փոխնախագահը՝ «Փյունիկի» խնդրանքը չբավարարելու պատճառների մասին

18:02   21 մայիսի, 2019

Ես ցավում եմ, որ տեղի ունեցավ նման սխալ, որը կարող է ազդել չեմպիոնական մրցավազքի վրա:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ անդրադառնալով «Լոռի» - «Փյունիկ» (2:2) աղմկահարույց հանդիպմանը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցավ սկանդալային միջադեպ, որը կարող է Երեւանի «Փյունիկին» զրկել չեմպիոնությունից: «Փյունիկի» եւ «Լոռիի» միջեւ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:

Հանդիպումից հետո «Փյունիկը» հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել էր ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ ներկայացնելով տվյալ մրցավարի պրոֆեսիոնալիզմի եւ անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ եւ խնդրելով փոխարինել նրան, սակայն ՀՖՖ-ն չէր բավարարել խնդրանքը։

Արմեն Մելիքբեկյանը պատմել է, թե ինչու չի ընդունվել «Փյունիկի» խնդրանքը, ինչպես նաեւ խոսել Հայաստանի առաջնությունում տեսակրկնապատկերների VAR համակարգ ունենալու հեռանկարների մասին:

Պարոն Մելիքբեկյանը, հայտնի է, որ «Փյունիկը» դիմել էր հանդիպմանն այլ մրցավար նշանակելու հարցով, սակայն ՀՖՖ-ն չէր կատարել խնդրանքը: Նման իրավիճակներում ո՞ր դեպքում է բավարարվում ակումբի խնդրանքը:

Երբ «Փյունիկը» նամակ էր ուղարկել ՀՖՖ, ես այդ ժամանակ Բուդապեշտում էի, սակայն ես զանգեցի Արթուր Սողոմոնյանին: Մենք մրցավարներին նշանակում ենք ըստ համակարգի: Ունենք հստակ համակարգ, թե որ մրցավարը որ խաղին կարող է նշանակվել, ինչպես պետք է լինի հերթականությունը: Ստացվել էր այնպես, որ այս համակարգով տվյալ հանդիպմանը կարող էինք նշանակել Արտակ Սիմոնյանին:

Ես բացատրել եմ, որ եթե մենք ամեն անգամ ընդառաջ գնանք որեւէ ակումբի ցանկության, ապա կստացվի, որ ամեն անգամ ակումբները կարող են այդպիսի խնդրանքով դիմել մեզ, քանի որ կարեւոր խաղերը շատ են մեր առաջնությունում: Սակայն դա հնարավոր չէ:

Մենք զրուցել ենք պարոն Սողոմոնյանի հետ եւ նա ըմբռնումով մոտեցավ ստեղծված իրավիճակին: Դրանից հետո մեր մրցավարական բաժնի հետ որոշեցինք չփոխել հանդիպման մրցավարին: Դա է եղել իրողությունը:

«Փյունիկի» նամակում նշված էր, որ մրցավարի աշխատանքը հարցեր է առաջացրել կանխակալության առումով: Սակայն դա փաստ չէ: Եթե մենք ունենանք փաստեր եւ, այսպես ասած, մրցավարի «ձեռքից բռնած» լինեինք, ապա ոչ միայն չէինք նշանակի նրան, այլեւ կորակազրկեինք: Սակայն մենք փաստեր չունեինք, կար միայն կարծիք, որ նա ունեցել է կանխակալ վերաբերմունք եւ թույլ է տվել սխալներ:

Ըստ Ձեզ՝ Բարձրագույն խմբում աշխատող մրցավարների մակարդակը համապատասխանում է առաջնության խաղամակարդակին ու ամբիցիաներին:

Ես կասեմ մի բան, ինչը կհնչի որպես ծրագրային հայտարարություն: Հայաստանի առաջնությունը ո՛չ մրցավարների, ո՛չ խաղացանկի, ո՛չ թիմերի քանակի առումով չի համապատասխանում: Այդ ամենը մեզ բաժին է հասել: Կարելի է ասել, մենք եկել ենք կեսից, երբ արդեն սկսվել էր այդ առաջնությունը, եւ շատ բան փոխելու հնարավորություն չկար: Արդեն հայտարարել ենք, որ պատրաստվում ենք կատարել բավական լուրջ բարեփոխումներ, այդ թվում՝ մրցավարական առումով: Իհարկե, մենք պետք է սպասեինք առաջնության ավարտին: Եվ երբ ասում են, թե ոչինչ չի փոխվել, պարզապես գերագնահատում են մարդկային իրական հնարավորությունները, քանի որ մենք վատ ժառանգություն ենք ստացել մրցաշրջանի կեսից եւ չենք կարող շատ արագ ինչ-որ բան փոխել: Բարեփոխումների վերաբերյալ բոլոր աշխատանքները տարվում են շատ ակտիվ:

Ես ցավում եմ, որ տեղի ունեցավ նման սխալ, որը կարող է ազդել չեմպիոնական մրցավազքի վրա: Նշված բարեփոխումներն ընթացքի մեջ են, եւ մենք վաղուց զբաղվում ենք այդ հարցով: Խոսքը նաեւ մրցավարության որակը բարձրացնելու եւ նոր կադրեր աճեցնելու մասին է. դա մեկ օրում չի լինում: Դու չես կարող մեկ օրում հորինել մրցավարներ, որոնք կգան եւ կսկսեն խաղեր սպասարկել: Դրա համար մենք նույնիսկ արտերկրից մրցավարի հրավիրեցինք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի համար:

Որքանո՞վ է իրատեսական Հայաստանի առաջնությունում ունենալ VAR համակարգ:

Այժմ մենք բանակցում ենք եւ փորձում մեր հնարավորությունները հասկանալ VAR համակարգի ներմուծման առումով: Մեր մասնագետներն արդեն մասնակցել են VAR-ի սեմինարների եւ հիմա նորից են գնալու: Փորձում ենք հասկանալ նաեւ այդ ծառայության գինը: Կարճ ասած՝ բոլոր աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ: 

Հայաստանում VAR-ի կիրառումը շատ բարդ է, քանի որ բոլոր ստադիոնները չունեն այդպիսի հնարավորություն: Այժմ մենք փնտրում ենք ալտերնատիվ տարբերակներ, որպեսզի, օրինակ, VAR-ի կենտրոնը լինի մեկ վայրում եւ այլն: Դա շատ բարդ է, եւ եթե հեշտ լիներ, շատ արագ կանեինք: Դա կապված է նաեւ շատ մեծ գումարների հետ: Ամեն դեպքում, մենք ձգտում ենք դրան: Չեմ կարող խոստանալ, որ մենք անպայման կունենանք VAR համակարգ, քանի որ դեռ պետք է գտնել այդ գումարները: Խոսքը ոչ թե մի քանի տասնյակ հազար եվրոյի, այլ՝ մի քանի 100 հազարի մասին է:

Բարեփոխումների ծրագրում քննարկվո՞ւմ է արտասահմանից մրցավարներ հրավիրելու տարբերակ:

Այո, այդպիսի տարբերակ քննարկվում է, սակայն խոսքը փոխանակման ծրագրի մասին է: Այսինքն՝ այդ դեպքում մեր մրցավարները կաշխատեն այլ առաջնություններում, իսկ արտասահմանցիները՝ Հայաստանում:

Ի՞նչ է սպասվում «Լոռի» - «Փյունիկ» խաղը սպասարկած Արտակ Սիմոնյանին:

Այդ հարցով այսօր քննարկում տեղի ունեցել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստում: Արդյունքների վերաբերյալ հայտարարությունը կլինի շուտով:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։