Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

14:54   21 մայիսի, 2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է ակումբի կայքը:

«Արսենալի» հայտարարությունում նշված է, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի հավաքականի ավագի եւ նրա ընտանիքի հետ:

«Մենք հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում, սակայն ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որ նա չի մեկնի թիմի հետ:

Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով խորին մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հենրիխն առանցքային խաղացող էր եզրափակիչի ճանապարհին, այնպես որ դա մեծ կորուստ է թիմային առումով:

Մենք հիասթափված ենք, որ այդպիսի խաղացողն այսպիսի հանգամանքներում բաց կթողնի եվրագավաթների եզրափակիչը, ինչը հազվադեպ է տեղի ունենում ֆուտբոլիստի կարիերայում: Մխիթարյանը կշարունակի մասնակցել մարզումներին մինչեւ Բաքու մեկնելը»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։

«Բաքվում անցկացվել են բազմաթիվ մրցումներ, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել էր Աբդուլաեւան:

Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն եւս հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան մուտքի եւ Բաքվում կեցության հետ կապված ոչ մի խնդիր չի ունենա, կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։

Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։ Նախկինում հայ կիսապաշտպանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։