Լեւանդովսկի. Եթե նվաճենք չեմպիոնի կոչումը, ապա այն «Բավարիայի» համար կլինի ամենածանրը վերջին տարիներին

16:12   17 մայիսի, 2019

Երազել եմ չեմպիոնական տիտղոսը նվաճել մեր երկրպագուների ներկայությամբ, ասել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից առաջ։ «Բավարիան» կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ չպարտվելու դեպքում կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում չեմպիոն դառնալ արտագնա խաղում, բայց կարծում եմ՝ տանը կլինեն այլ ապրումներ։ Մթնոլորտը կլինի թեժ, եւ կարիք չի լինի սպասել երկու–երեք շաբաթ տիտղոսը տոնելու համար։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում սուր մրցակցություն էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Եթե նվաճենք չեմպիոնի կոչումը, ապա այն կլինի ամենածանրը վերջին տարիներին։

Վերջին խաղում պետք է հենց մեկնարկից ցուցադրենք մեր ֆուտբոլը՝ բարձր տեմպ, հարձակողական խաղ եւ ինչքան հնարավոր է արագ գոլ։ Եթե դրսեւորենք մեր բոլոր որակները՝ կհաղթենք»,– Լեւանդովսկու խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Վերջին տուրից առաջ «Բավարիան» ունի 75, «Բորուսիան»՝ 73 միավոր։ Վերջին տուրում դորտմունդյան թիմը հյուր կգնա Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Մայիսի 18–ին կայանալիք վերջին տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։30–ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։