Պրեմյեր լիգայում գրանցվել է գոլերի ռեկորդ

09:33   13 մայիսի, 2019

Ֆուտբոլի Անգլիայի ավարտված առաջնության 380 խաղերում գրանցվել է 1072 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Պրեմյեր լիգայի պատմության մեջ, գրում է Opta-ն:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011/12 մրցաշրջանում, երբ 20 թիմերը միասին խփել էին 1066 գոլ:

Անգլիայի ավարտված առաջնության մեկ խաղում միջինը գրանցվել է 2.82 գոլ: Ամենաշատ գոլ խփել է չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին», որը դարձել է 95 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում 89 գոլ խփած փոխչեմպիոն «Լիվերպուլն» է, իսկ 5-րդ տեղը գրաված Լոնդոնի «Արսենալը» երրորդն է այդ ցուցանիշով՝ 73 գոլ:

Հիշեցնենք, որ Անգլիայի նախորդ առաջնությունում գրանցվել էր 1018 գոլ:

Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը կիսեցին 3 խաղացողներ: «Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը եւ Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեցին 22-ական գոլ եւ ռմբարկուների ցուցակում բաժանեցին 1-3-րդ տեղերը: 

22 գոլի համար Մանեից ու Օբամեյանգից պահանջվեց 36-ական հանդիպում, իսկ Սալահից՝ 38:

Ռմբարկուների ցուցակում չորրորդ տեղը գրավեց «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը խփեց 21 գոլ: «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին 18 գոլով եզրափակեց լավագույն հնգյակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։