Գվարդիոլա. Կարիերայիս ամենաբարդ տիտղոսն էր

09:09   13 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում մանչեսթերցիները հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել «Բրայթոնի» նկատմամբ եւ մեկ միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլին»:

«Մենք պետք է շնորհավորենք «Լիվերպուլին» եւ շնորհակալություն հայտնենք այն բանի համար, որ ստիպեց մեզ առաջադիմել: Դա անհավանական է՝ հավաքել 98 միավոր եւ անցնել այս ճանապարհը հավասար: Մենք առաջադիմեցինք նախորդ մրցաշրջանի հետ համեմատ, եւ «Լիվերպուլն» օգնեց մեզ այդ հարցում: Չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար պետք է հաղթեինք 14 խաղ անընդմեջ: Չէինք կարող կորցնել նույնիսկ մեկ միավոր: Սա կարիերայիս ամենաբարդ տիտղոսն էր: Մենք գիտեինք, որ պետք է հաղթենք: Չէինք մտածում «Լիվերպուլի» մասին եւ կենտրոնացած էինք մեր խաղի վրա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Մայիսի 12-ին 48-ամյա Գվարդիոլան նվաճեց մարզչական կարիերայի 26-րդ տիտղոսը: Այդ ցուցանիշով նա շրջանցեց պորտուգալական «Պորտուի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Ինտերի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը նվաճել է 25 տիտղոս: Այդ ցուցանիշով կատալոնացի մասնագետին գերազանցում են միայն Ալեքս Ֆերգյուսոնը (49 տիտղոս), Միրչա Լուչեսկուն (32), Վալերի Լոբանովսկին (30) ու Օտմար Հիտցֆելդը (28):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։