00:35 13 մայիսի, 2019Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
«Դա քաղաքական հարց է, բայց ես լավ չգիտեմ, թե որն է պատճառը: Սակայն մենք ցանկանում ենք խաղալ Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ աշխատեց, եւ մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի խաղանք նրա հետ: Ես չգիտեմ քաղաքական խնդրի լուծման հավանականությունը:
Իսկապես, ես չգիտեմ, թե ինչ խնդիր կա 2 երկրների միջեւ, բայց հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի Մխիթարյանի հետ լինենք այնտեղ: Դա սպորտային խնդիր չէ, եւ կախված չէ ինձանից: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է լուծվի այդ հարցը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Արսենալը» խաղալու է Լոնդոնի «Չելսիի» հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017-ին Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։
«Բաքվում անցկացվել են բազմաթիվ մրցումներ, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել էր Աբդուլաեւան:
Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն եւս հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։
«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան մուտքի եւ Բաքվում կեցության հետ կապված ոչ մի խնդիր չի ունենա, կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։
Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.