«Արսենալը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմյեր լիգայում (տեսանյութ)

16:54   28 ապրիլի, 2019

Լոնդոնի «Արսենալը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց անգլիական Պրեմյեր լիգայում: 36-րդ տուրում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մրցակիցն էր «Լեսթերը», որը տնային հաղթանակ տարավ 3:0 հաշվով (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում:

«Արսենալից»  առաջին խաղակեսի վերջնամասում դաշտից հեռացվեց անգլիացի պաշտպան Էշլի Մեյթլանդ-Նայլզը, որը 36-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտը: Մեյթլանդ-Նայլզի հեռացումից հետո Հենրիխ Մխիթարյանը մինչեւ ընդմիջում հանդես եկավ աջ պաշտպանի դիրքում:

Ընդմիջմանը Ունաի Էմերին նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբիի փոխարեն դաշտ դուրս բերեց ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնիին, իսկ Մխիթարյանը վերադարձավ կիսապաշտպանություն: Երկրորդ խաղակեսում «Արսենալը» խաղաց 4-3-2 տակտիկական սխեմայով, որն արդյունավետ չեղավ: «Լեսթերի» կազմում հաշիվը 58-րդ րոպեին բացեց բելգիացի կիսապաշտպան Յուրի Տելեմանսը: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց, իսկ 13 րոպե անց դաշտի տերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը: Հաշիվը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որն ավելացված ժամանակում դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ 3:0:

Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» պարտվել էր «Քրիսթալ Փելասին» (2:3) եւ «Վուլվերհեմփթոնին» (1:3): Լոնդոնյան ակումբը չօգտվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Չելսիին» շրջանցելու հնարավորությունից եւ 66 միավորով մնաց 5-րդ տեղում: «Լեսթերը» 51 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լեսթեր» - «Արսենալ»՝ 3:0

Յուրի Տելեմանս, 59, Ջեյմի Վարդի, 86, 90+5

Հեռացում՝ Էշլի Մեյթլանդ-Նայլզ, 36



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։