Հակոբ Աբրահամյան. Պարալիմպիկ խաղերում հայ մարզիկներից ակնկալիքները մեծ են

11:43   21 օգոստոսի, 2012

Ֆինանսական միջոցների ահռելի մեծ պակաս ունենք, եթե ֆինանսական միջոցներ լինեին, Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանից կմասնակցեին ոչ թե երկու, այլ մի քանի մարզիկներ:

Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կկայանան Պարալիմպիկ խաղերը: Հայաստանը կներկայացնեն լողորդ Մարգարիտա Հովակիմյանը եւ ծանրորդ Գրետա Վարդանյանը:

Գրետա Վարդանյանը երկրորդ անգամ է հանդես գալու Պարալիմպիակ խաղերում:

«Պեկինում մենք Գրետա Վարդանյանից մեդալ էինք սպասում, բայց նա զրո ստացավ եւ մենք զրկվեցինք մեդալի հնարավորությունից: Լոնդոնի Խաղերից առաջ Գրետան հիանալի մարզավիճակում է եւ ակնկալիքները մեծ են:

Հայաստանից կարողացանք ներկայացնել միայն երկու մարզիկների: Այս մասով մեծ աջակցություն այս տարի ստացանք պետությունից: Մարզիկների մարզավիճակը բավական լավն է, ակնկալիքներ ունենք: Չասենք մեդալների ակնկալիք ունենք, բայց բարձր արդյունքների հույսեր կան:

Խաղերը տեղի են ունենալու նույն Օլիմպիական ավանում եւ նույն մարզադահլիճներում:

Թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես մեր մարզիկները պատրաստ են:

Գրետան ելույթ է ունենալու սեպտեմբերի 1-ին, Մարգարիտան՝ սեպտեմբերի 5-ին»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Պետական աջակցության մասին Հակոբ Աբրահամյանը նշեց.

«Այս տարի աջակցությունն իսկապես մեծ է: Հետաքրքրությունը` եւս: Կառավարության կողմից նախապատրաստական աշխատանքների համար ստացել ենք 5 միլիոն 800  հազար դրամ, իսկ մի քանի օր առաջ օլիմպիական կոմիտեն 100 հազարական դրամ պարգեւատրեց մեր մարզիկներին:

Այս Օլիմպիական խաղերում մեր դրոշակակիրը կլինի Գրետա Վարդանյանը:

Կարծում եմ, մարզիկին հոգեբանորեն մեդալի կամ հաղթանակի տրամադրելու համար պետք է նախ օլիմպիականներին հնարավորություն տալ բացման արարողությանը մասնակցել: Կարծում եմ` շատ սխալ է, որ մեր մարզիկները դուրս չեն գալիս բացման արարողությանը. սա շատ կարեւոր պահ է օլիմպիականների համար: Այդ երեք ժամը այնքան էներգիա է տալիս, այնքան դրական լիցքեր է հաղորդում մարզիկներին, որ հոգեբանորեն տրամադրվելու համար ամեն ինչ արժե»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։