Գոռ Մինասյան․ Ոտնաթաթի վնասվածք ունեի եւ դեռ վերջնական չէր ապաքինվել

21:34   13 ապրիլի, 2019

Իհարկե, գոհ չեմ արդյունքից եւ մրցելույթից, բայց աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ եւ լինելու եմ բարձունքում: Այսպես իր մրցելույթը Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում մեկնաբանեց գերծանրքաշային օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

2019 թվականի ԵԱ-ում Գոռ Մինասյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով՝ պոկում վարժությունում բարձրացնելով 200 կգ: Նա երկամարտում 5-րդն էր՝ 422 կգ։

«Վնասվածքս խանգարեց ինձ այսօր: Ոտնաթաթի վնասվածք ունեի եւ դեռ վերջնական չէր ապաքինվել: Այս վնասվածքը ստացել էի մրցումներից մի քանի օր առաջ՝ մարզումների ժամանակ: Չհասցրեցի մինչեւ վերջ վերականգնվել: Եթե եւս 10 օր ժամանակ ունենայի, լիարժեք ապաքինված կլինեի:

Ինչպես կարող եմ գոհ լինել իմ արդյունքից, որ ես պոկումի համար նախատեսված կիլոգրամները հրումի ժամանակ բարձրացրեցի: Իհարկե, գոհ չեմ: Բայց աշխարհի առաջնությանը կապացուցեմ, որ ես դեռ կամ եւ լինելու եմ բարձունքում»,- ասաց Գոռ Մինասյանը:

Օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ երկու վարժությունների 6 մոտեցումներն էլ լիարժեք կատարել: Փաշիկ Ալավերդյանի պնդմամբ, Գոռ Մինասյանի վնասվածքն այդքան լուրջ չէր, եւ աշխարհի փոխչեմպիոնին չէր խանգարելու:

24-ամյա Գոռ Միանսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016 Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։