Աշոտ Դանիելյան․ Լիանան հավակնում է հետագայում լինել հավաքականի առաջատարներից

00:18   13 ապրիլի, 2019

Լիանան հանդես եկավ այս պահին իր առավելագույն հնարավորություններով: Գոհ եմ նրա մրցելույթից եւ բարձրացրած կիլոգրամներից: Լիանան հավակնում է հետագայում լինել կանանց հավաքականի առաջատարներից:

Այս մասին ասաց Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճած Լիանա Գյուրջյանի անձնական մարզիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանը:

«Գոհ եմ Լիաննա Գյուրջյանի մասնակցությունից: Նա լիարժեք կատարեց մոտեցումները, օգտագործեց ամբողջ կարողությունները եւ բարելավեց իր կիլոգրամները: Պոկում վարժությունում գուցե մեդալ նվաճեինք, եթե գնայինք 98 կգ-ի: Նույն հաջողությամբ, եթե 125 հրումը կատարեր արծաթե մեդալ կվաճեր: Ամեն դեպքում ռիսկի չգնացինք: Միայն մրցահարթակում մրցումների վերջում է պարզ լինում, թե քո բարձրացրած կիլոգրամներով մեդալ նվաճում ես, թե ոչ: Կիլոգրամները դեռ կբարձրացնենք, մեդալների գույնն էլ ժամանակի ընթացքում»,- ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը:

Պոկում վարժությունում Գյուրջյանը 97 կգ-ով չորրորդն էր։ Հրում վարժությունում հայ մարզուհին բարձրացրեց 120 կգ։ 

Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով:

2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականի Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականը Լիանա Գյուրջյանը հաջող է մեկնարկել. մարտին Լաս Վեգասում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։