Անդրանիկ Կարապետյան․ Մեծ ցավ եմ ապրում, որ չկարողացա մասնակցել Եվրոպայի առաջնությանը

09:12   12 ապրիլի, 2019

Մեծ ցավ եմ ապրում, որ չկարողացա մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ամեն ինչ կանեմ, որ բոլորի հույսերն արդարացնեմ աշխարհի առաջնությունում: Բայց ես պատրաստ էի ոչ միայն ոսկե մեդալին, այլեւ Եվրոպայի ռեկորդ սահմանելուն: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաթումիում ասաց 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը՝ մեկնաբանելով ԵԱ-ում իր ձախողումը:

Հիշեցնենք, որ Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարի մեկնարկից րոպեներ առաջ Անդրանիկ Կարապետյանին կշռման արարողությանը հետեւող մրցավարները թույլ չեն տվել ծանրորդին դուրս գալ մրցահարթակ: Նա մոտ 200 գրամ գերազանցել է թույլատրված քաշը։

«Ինձ համար շատ ծանր է այս փաստը, որ չկարողացա մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Շատ լավ էի պատրաստվել, շատ լավ էի զգում ինձ: Մասնավորապես, աշխարհի առաջնության ժամանակ, որ զրո էի ստացել, ամեն ինչ արել էի մարզումներին, հավաքներին, որպեսզի այս առաջնությունում ոսկե մեդալ նվաճեմ, նույնիսկ մոտենամ ռեկորդին: Ես բաց թողեցի ոսկե մեդալս եւ, ինչպես միշտ է լինում, ձախորդությունն ինձ հետ էր: Անհասկանալի պատճառներով չմասնակցեցի Եվրոպայի առաջնությանը: Մեծ ցավ եմ ապրում... Նաեւ գիտակցում եմ, որ ինձ հետ հավասար մեծ ցավ են ապրում նաեւ նրանք, ովքեր իմ կողքին են եղել այս ամբողջ ընթացքում: Պետք է չընկճվենք. նույն էլ ես պետք է փորձեմ անել, որպեսզի կարողանանք աշխարհի առաջնությունում անել ամեն ինչ»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը:

Նշենք, որ ապրիլի 11-ին Բաթումիում 89 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Անդրանիկ Կարապետյանը թիմի հետ հանդիսատեսի շարքից հետեւում եւ աջակցում էր Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթներին:

«Հակոբ Մկրտչյանը չեմպիոն է: Վրացի մրցակիցը նրան չի կարող հաղթել: Ես էլ երեկ չեմպիոն կդառնայի, եթե ինձ թույլ տային մասնակցեի»,- Եվրոպայի նորընտիր չեմպիոն Հակոբ Մկրտչյանի չեմպիոնական մրցելույթի ընթացքում նշեց Անդրանիկ Կարապետյանը:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։