10:16 22 օգոստոսի, 2012«Ես սիրում եմ Հայաստանը: Վերջին վեց տարում ութ անգամ եղել եմ Հայաստանում: Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հասաց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի սիրելի ընկերուհին եւ պարզապես մուսան ֆիլիպինուհի Արիաննա Կաոիլին (ծնվել է 1986-ին Մանիլայում, հայրը ֆիլիպինցի է, մայրը` հոլանդացու եւ իռլանդացու արմատներ ունի: Կաոլինին միջազգային վարպետ է, ներկայացնում է Ավստրալիայի շախմատային ֆեդերացիան, ուսումը ստացել է Ավստրալիայում): Լեւոնն ու Արիաննան արդեն երկար ժամանակ միասին են ապրում: Նրանք առաջին անգամ հանդիպել են 1996-ին մրցումների ժամանակ, իսկ ընկերացել են 2006-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ստամբուլում կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը դարձյալ կառաջնորդի Հայաստանի ազգային հավաքականը:
Արիաննե, ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիր հետաքրքրվել շախմատով:
Ես վեց տարեկան էի, սովորում էի դպրոցում: Մի անգամ դպրոցի գրադարանում պատահաբար տեսա, թե ինչպես են բարձր դասարանի տղաները շախմատ խաղում: Ես սկսեցի ամեն օր հետեւել նրանց խաղին եւ այդպես սովորեցի:
Որո՞նք են մասնագիտական ներկա ծրագրերդ:
Այժմ ես աշխատում եմ որպես խորհրդատու: Հիմնականում կառավարական հաճախորդների հետ աշխատող մեծ խորհդատվական ընկերությունում: Նպատակս մագիստրատուրան ավարտելն է, բայց քանի որ աշխատանքս հետաքրքիր է եւ կարեւոր իմ կարիերայի համար` ուսումս ավարտելը միշտ հետաձգվում է: Իմ դիմպլոմայինի թեման Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է, հիմնականում նրա տնտեսական եւ բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ կառավարական եւ մասնավոր ոլորտներում: Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը:
Հե՞շտ է լինել խելացի կին:
Ես չեմ կարծում, որ շատ խելացի եմ: Ես ուղղակի շատ օրհնված եմ եւ ունեմ շատ էներգիա:
Ի՞նչ հատկություններ պետք է ունենա կինը:
Կարծում եմ իդեալական կինը պետք է ունենա բարություն, գթասրտություն, էլեգանտություն եւներքին ուժ:
Ի՞նչ նախասիրություններ ունես:
Ես սիրում եմ լատինական պարեր, նաեւ երգում եմ: Այս պահին աշխատում եմ ջազ ալբոմի վրա, որտեղ ես կատարում եմ վոկալ պարտիաներ, ինչպես նաեւ երաժշտության համահեղինակն եմ: Սա պարզապես զվարճանքի համար է: Առանց արվեստի արտահայտման որեւէ միջոցի ես կընկնեի դեպրեսիայի մեջ: Առանց արվեստի կյանքը շատ դժբախտ կլիներ: Հենց այս պատճառով էլ ես սիրում եմ խաղալ շախմատ:
Ինչպե՞ս եք ծանոթացել Լեւոն Արոնյանի հետ:
Առաջին անգամ ծանոթացել ենք 1996-ին աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, բայց ընկերացանք 2006-ին: Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկեր միջազգային վարպետ Ալեքս Վոհլը Բեռլինում:: Ալեքսը գիտի ինձ վեց տարեկանից, իսկ Լեւոնին` պատանեկան տարիքից:
Լեւոնի հետ հաճա՞խ եք շախմատ խաղում, եւ քանի՞ անգամ ես դու հաղթել նրան:
Մենք երբեք միմյանց դեմ չենք խաղում: Ես այդքան հիմար չեմ, որ, նույնիսկ, փորձեմ:
Հե՞շտ է լինել աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկի սիրելի մարդը, կյանքի ուղեկիցը:
Դա շատ հետաքրքիր է: Նա միշտ մտովի ինձ մարտահրավերներ է նետում, ինչն ինձ շատ է դուր գալիս:


Վստահ եմ` դու Լեւոնին անգիր գիտես. կիսվիր մի քանի գաղտնիքներով, օրինակ` նրա բնավորության առանձնահատկություններով:
Կարծում եմ, նրա բնավորության լավագույն գծերից մեկը (նաեւ իմ բնավորության) այն է, որ նա միշտ սիրում է սովորել: Եթե նա ինչ-որ բանով հետաքրքված է, նա ցանկանում է հետազոտել այն եւ ամեն ինչ իմանալ դրա մասին: Նա նույնպես սիրում է սովորել նոր բաներ, անգամ, եթե դա մարտահրավեր է նրա համար եւ դուրս է նրա հարմարավետության գոտուց: Օրինակ` պարերը:
Հաջորդ բանը, որ գալիս է մտքիս դա այն է, որ նա կատակասեր է. սիրում է ծիծաղել եւ ինքն իրեն շատ լուրջ չի վերաբերվում: Լեւոնի յուրահատկությունն այն է, որ նա միշտ մարդկանց մեջ լավն է տեսնում:
Ինչպիսի՞ն է Լեւոնը առօրյա կյանքում:
Հանգիստ, զվարճասեր, արկածախնդիր, միշտ հետաքրքրասեր, երբեք ոչ ձանձրալի:
Եղել ես Հայաստանում: Ի՞նչ կասես մեր երկրի մասին:
Ես սիրում եմ Հայաստանը: Վերջին վեց տարում ութ անգամ եղել եմ: Անցյալ տարի երկու ամիս Հայաստանում եմ անցկացրել, իմ թեզի համար հետազոտություններ էի անում: Ես շատ վայրերում եմ եղել, նույնիսկ, Վրաստանի սահմանամերձ գյուղերում: Իմ ամենասիրելի վայրը Դիլիջանն է: Սիրում եմ խորովածը եւ հայկական խոհանոցը` հատկապես Լեւոնի մայրիկի պատրաստած ուտեստները, ինչպես նաեւ գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի:
Ես սիրում եմ հայոց պատմությունը: Շատ եմ կարդացել հայ պատմիչների: Հայերը շատ հետաքրքիր ազգ են: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի:
Ինչքան հասկացա, դու հայերեն մի քիչ խոսում ես: Ո՞ր արտահայտություններս ես հաճախ օգտագործում:
Ներողություն իմ արտասանության համար: Այդ արտահայտություններն են «ի՞նչ կա չկա, բան չկա, սովածեմ, հոգնածեմ, շատ լավ բանա, արա դե լավ էլի, ուզում եմ խորոված խոզի, շատ համովա, քյարթու ռաբիզ»: Բայց իմ առավել սիրած արտահայտությունը, որ օգտագործում եմ` երեւանյան տաքսու վարորդների հետ է լինում: Նրանք կարծում են, թե ես չգիտեմ` ուր եմ գնում (բայց ես Երեւանի կենտրոնական փողոցները շատ լավ գիտեմ): Շատ դեպքերում նրանք երկարացնում են ճանապարհը կամ կրկնակի գումար են ուզում: Այդ ժամանակ ես ցույց եմ տալիս հաշվիչին եւ միշտ հարցնում եմ նրանց. «Էս ի՞նչա, ախպեր»:
Ո՞ր տեղը կգրավի Հայաստանի հավաքականն առաջիկա Օլիմպիադայում:
Աղոթենք առաջին տեղի համար: Առաջ Հայաստան:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.