Արթուր Վանեցյան․ Հավաքականի մարզիչի փոփոխություն այս պահին չենք նախատեսում

19:22   5 ապրիլի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը այս պահին ազգային հավաքականի գլխավոր մարզիչի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում։ Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը։ Այդ մասին Արթուր Վանեցյանն ասել է Երեւանի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցած Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկից առաջ 100 օրվա հետհաշվարկի ժամացույցի բացմանը։

«Մեկնարկ տվեցինք մի մեծ մարզական իրադարձության, որը տեղի է ունենալու Երեւանում, մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը աննախադեպ սպորտային իրադարձություն է, հուլիսին Երեւանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը։ Դա ավելի մեծ ճանաչում է բերելու մեր մայրաքաղաքին։ Շնորհակալ եմ քաղաքապետին եւ քաղաքապետարանին ՀՖՖ-ին այս գործում օգնելու եւ աջակցելու համար։ Կարծում եմ, որ մնացած բոլոր պետական գերատեսչությունները եւս աջակցություն կցուցաբերեն ՀՖՖ-ին եւ մենք կկարողանանք կազմակերպել իսկապես մեծ ֆուտբոլային տոն։

Հաջողություն մաղթենք մեր 19 տարեկանների հավաքականին։ Նրանք ունեն աննախադեպ հնարավորություն ուրախացնելու մեր երկրպագուներին։

Ազգային հավաքականի մարզիչի փոփոխություն այս պահին չենք նախատեսում։ Իր կատարած աշխատանքով չեմ կարող ասել, որ ունենք 100 տոկոս թերացում։ Ունենք բավական դրական տեղաշարժ։ Մեր մարզիչին քննադատելու փոխարեն, պետք է ոգեշնչենք, օգնենք, որպեսզի կարողանա մեր հավաքականին բերի այն մակարդակին, որ ունենանք հաղթանակներ։ Իհարկե, մենք տեսնում ենք լավ խաղ, բայց եթե արդյունքը լինում է պարտություն, մենք չենք կարող բավարարված լինել։ Հիմա շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են հրավիրվել հավաքական, սերնդափոխությունն արդեն մեկնարկել է, պետք է այդ խիզախությունն ունենանք։ Այդ ճանապարհը հարթ չի լինի, բայց սերնդափոխությունը պարտադիր է եւ առաջիկայում կտեսնենք արդյունքները։

Իմ ընտրվելուց հետո մենք բանակցել ենք համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ մարզիչների հետ։ Մի քանիսն անգամ եկել են Հայաստան, ունեցել ենք նույնիսկ դեպքեր, երբ արդեն ստորագրել ենք նախնական պայմանագիր, ինչից հետո նրանց տրամադրել ենք մեր ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները, ֆուտբոլիստների բազան, ինչի արդյունքում նրանք հրաժարվել են գլխավորել մեր հավաքականը։ Եթե մտածում եք, որ ֆեդերացիան չի ցանկանում ունենալ բարձրակարգ արտասահմանցի մարզիչ, սխալվում եք։ Մենք որոշեցինք այդ գումարը տրամադրել փորձառու տեխնիկական տնօրեն հրավիրելուն, եւ նա կզարգացնի մեր մանկապատանեկան ֆուտբոլը, կկրթի մեր մարզիչներին եւ երեխաներին։ Հրավիրել ենք շատ լուրջ իսպանացի մասնագետի տեխնիկական տնօրենի պաշտոնին։ Մի քիչ համբերություն, եւ մենք ունենալու ենք շատ լավ ֆուտբոլ»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։