Մեսին ուշագրավ ցուցանիշներ է գրանցել կատալոնական դերբիում (ֆոտո)

11:12   31 մարտի, 2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում (2:0), ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում գոլերի քանակը հասցրել է 40-ի:

31-ամյա Մեսին կատալոնական ակումբի կազմում 10-րդ մրցաշրջանում անընդմեջ խփում է նվազագույնը 40 գոլ: Նա այդ շարքը սկսել է 2009/10 մրցաշրջանից: Այս ընթացքում արգենտինացի հարձակվողի ամենաարդյունավետ մրցաշրջանը եղել է 2011/12-ին, երբ նա դարձել էր 73 գոլի հեղինակ:

Կատալոնական դերբիում Մեսին 334-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնությունում եւ կրկնեց պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: 37-ամյա իսպանացին ռեկորդը գրանցել էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում խաղացել է 1998-2015 թվականներին: 334 հաղթանակի համար Կասիլյասից պահանջվել է 510 հանդիպում, իսկ Մեսիի՝ 445, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Էսպանյոլի» դեմ խաղն արգենտինացու համար 675-րդն էր «Բարսելոնայի» կազմում: Այդ ցուցանիշով նա շրջանցեց ճապոնական «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստային եւ զիջում է միայն Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող Չավիին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին խփել է 31 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։