Պետրոս Ավետիսյան. Հայաստանի հավաքականում խաղալու մասին երազել եւ ձգտել եմ ամբողջ կյանքում

09:33   29 մարտի, 2019

«Արարատ-Արմենիայի» նորեկ Պետրոս Ավետիսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում նորամուտի մասին:

«Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի մասին երազել եւ ինչին ձգտել եմ ամբողջ կյանքիս ընթացքում: Շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։ Սակայն նորամուտս տեղի ունեցավ այնպիսի իրավիճակում, որ միակ բանը, որն այդ պահին զգում էի, այն էր, որ ցանկանում էի մտնել խաղադաշտ եւ օգնել թիմին վերջին րոպեներին խուսափել պարտությունից ու ուրախացնել մարզադաշտ եկած երկրպագուներին։ Ցավոք, դա չստացվեց»,- Պետրոս Ավետիսյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս ձմռանը Երեւանի «Փյունիկից» հեռացած 23-ամյա ֆուտբոլիստը պատմել է նաեւ «Արարատ-Արմենիային» միանալու պատճառների մասին:

«Որոշումը կայացնելուն առաջին հերթին նպաստեց թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Այստեղ խաղում են այն ֆուտբոլը, որը հոգեհարազատ է ինձ, ինչպես նաեւ կարեւորում են ֆուտբոլիստների առաջընթացը։ Բացի այդ, հնարավորություն կա խաղալու բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին։ Թիմում նաեւ ունեմ ընկերներ, ովքեր պատմում էին, թե որքան պրոֆեսիոնալ է ամեն ինչ կազմակերպված ակումբում, եւ ինչ լավ մթնոլորտ է տիրում։ Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ այստեղ աճ գրանցելու մեծ հնարավորություն ունեմ։

Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ եւ ամեն օր աշխատում եմ, որպեսզի արդարացնեմ բոլորի սպասելիքները եւ օգնեմ թիմին հասնել իր առջեւ դրված նպատակներին»,- ասել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում, որում փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։