Լեւոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանին հավաքական չհրավիրելու մասին

19:37   28 մարտի, 2019

Նա, ով տանը նստած միայն հայտարարություններ է անում, ոչ մի հնարավորություն չունի հավաքական ընդգրկվելու: Այսպես արձագանքեց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հավաքական վեադառնալու հնարավորության վերաբերյալ:

Օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ եթե իրեն տան մեկ հնարավորություն մասակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարի, նա խոստանում է օլիմպիական ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար: Բայց ըստ ըմբիշի, իրեն չեն ցանկանում տեսնել հավաքականում:

«Աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարի: Ցանկացած մարզիկ պարտավոր է հավաքականի հետ անցնել բոլոր ուսումնամարզական հավաքները, մրցաշարերը, ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է: Նույն հաջողությամբ Կարեն Մնացականյանին, Վաղինակ Գալստյանին կամ Ռոման Ամոյանին կարող ենք հրավիրել, եթե այդպես է: Ինչո՞ւ է միայն Միհրան Հարությունյանի անունը շեշտվում, ինչո՞ւ այս նույն մարզիկերի անունները չեք ասում:

Ուրեմն, թող բոլորը տեղյակ լինեն. ցանկացած մարզիկ պարտավոր է հավաքականի հետ հավասար անցնել պլանավորած ուսումնամարզական հավաքները: Ու երբ մարզիկն ապացուցի, որ ինքը կա, գործող մարզիկ է, նրան կտրվի հնարավորություններ: Մեր դռները բաց են բոլորի համար: Օրինակ, եթե Վաղինակ Գալստյանը ցանկություն հայտնի շարունակել ու մարզվի թիմի հետ, նա կգնա աշխարհի առաջնություն:

Միհրան Հարությունյանի լավագույն արդյունքն այս տարիների ընթացքում երկու մեդալն է: Իսկ նույն Ռոման Ամոյանը 15 մեդալ ունի: Կարող ենք նրան հրավիրել հավաքական, ինչու ոչ... Ես շատ պարզ բացատրություն տվեցի Միհրան Հարությունյանի կարգավիճակի մասին: Ես չեմ ճանաչում այն մարզիկին, որը տանը նստած պատրաստվում է: Բոլոր մարզիկներն էլ շանս ունեն, Ռոման Ամոյանն էլ...

Որեւէ մեկին հնարավորությունից չենք զրկում. ով պատրաստվում է, թիմի հետ մարզվում է, միջազգային մրցաշարերին մասնակցում է, շանս ունի: Իսկ նա, ով տանը նստած միայն հայտարարությունն է անում, ոչ մի շանս չունի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի գորգից Միհրան Հարությունյանը բացակայում է Ռիո-2016 Օլիմպիական խաղերից, որտեղ անարդար մրցավարության շնորհիվ ըմբիշն արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանում ըմբիշին դիմավորեցին եւ պաշտոնապես ճանաչեցին օլիմպիական չեմպիոն, ինչից հետո Միհրան Հարությունյանի ազգային հավաքականի հետ հարաբերությունները սրվեցին: Օլիմպիական փոխչեմպիոնը հանդես է գալիս խառը մենամարտերում եւ արդեն անցկացրել է երկու մենամարտ, երկու հաղթանակ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.