Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

15:04   28 մարտի, 2019

Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերին: Այդ մասին հայ մարզուհին հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ պաշտոնապես որակավորվել եմ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին։

Ուղիղ մեկ տարի առաջ որակավորման շրջանն աշխարհում 500-րդ տեղում սկսելով ու երկու օր առաջ հասնելով կարիերայիս լավագույն արդյունքին` 226-րդը աշխարհի վարկանիշային աղյուսակում, վերջապես նվաճեցի Եվրոպական խաղերի ուղեգիրը։ Շատ կասկածներ եմ ունեցել` կկարողանամ հասնել դրան, թե՝ ոչ, բայց փոխված մտապելակերպս ու միայն խաղիս բարելավման վրա կենտրոնացվածությունս հնարավոր դարձրին հասնելու երազանքիս։

Շատ դժվար տարի էր` 15 մրցաշար, անվերջ քրտնաջան աշխատանք, կորտում եւ կորտից դուրս առօրյա սովորությունների կաղապարի կառավարում, եւ այլ մեծ ու փոքր դեպքեր ու հիմա մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ կիսվում այս լուրով։

Սա ինձ համար շատ յուրահատուկ ու հարազատ հաղթանակ է, որովհետեւ առաջին անգամ եմ այսպիսի մեծ մասշտաբի սպորտային իրադարձությանը Հայաստանը բադմինտոնում ներկայացնելու»,- գրել է Լիլիթ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձեւերում:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։