Հավաքականի մարզիչ․ Չենք կարող ոսկի նվաճել, քանի դեռ չունենք զենք-զինամթերք

14:47   28 մարտի, 2019

Մեզանից միայն ոսկի են պահանջում, բայց չենք կարող ոսկի նվաճել, քանի դեռ չունենք զենք-զինամթերք, շատ մրցաշարերի մասնակցության հնարավորություն: Այս տեմպերով կդժվարանանք նաեւ օլիմպիական ուղեգրերի համար պայքարել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Մարտի 16-25-ը Խորվաթիայում անցկացված հրաձգության Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ: Վազող թիրախ մրցաձեւի խառը վազք վարժությունում 378 միավորով արծաթե մեդալ է նվաճել Հովհաննես Մարգարյանը: Վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական պայքարում հաջող է հանդես եկել նաեւ Զավեն Իգիթյանը. ատրճանակով երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել չորրորդ տեղը:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 13 մարզիկներով, որոնք հանդես են եկել հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերում:

«Եվրոպայի առաջնության արդյունքները գոհացնող են: Առաջնությանն ընդառաջ թիմը փետրվարի 1-16-ը ուսումնամարզական հավաք անցավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Այս հավաքը շատ կարեւոր եւ արդյունավետ էր մեզ համար, քանի որ մարզիկները բարձրացրեցին իրենց արդյունքներն այդ ընթացքում: Վստահ էի, որ լավ մարզավիճակով ենք մոտենում առաջնությանը եւ շատ մեդալների ակնկալիք ունեի: Նույնիսկ ոկսե մեդալի սպասելիք ունեի, բայց, ունեցանք ընդամենը երկու մեդալ: Մրցումների մասնակցության փորձի պակասը խանգարում է մեզ: Այդքան միջոցներ չունենք, որ կարողանանք հաճախ միջազգային մրցաշարերի մեկնենք: Մարզիկները փորձի պակաս ունեն, որն էլ խանգարում է խոշոր մրցաշարերում լավ հանդես գալ: Ընդհանուր գնահատականս՝ լավ է այս առաջնությունից, բայց ոչ լիարժեք:

Միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն չունենք: Ուսումնամարզական հավաքները կազմակերպում ենք տեղում: Ֆինանսի խնդիր ունենք, շատ մարզադպրոցներ նույնիսկ փամփուշտներ չունեն մարզումների համար: Հրաձգությունը վերջին տարիներին մեծ մասսայականություն է վայելում, բայց զենք-զինամթերք, հանդերձանք չունենք: Հույս ունենք, որ մեր ձայնը հասանելի կլինի եւ ֆինանսներ կտրամադրվեն զենք ու զինամթերք ձեռք բերելու համար: Կուզենայինք, որ գտնվեին հովանավորներ, որոնք կֆինանսավորեին մեզ: Մեզ շատ անհրաժեշտ է շատ միջազգային մրցաշարերի մասնակցել, գոնե 4-5 մրցաշար: Իսկ մենք մասնակցում ենք 2-3 մրցաշարի: Հայաստանում կան մի քանի մարզադպրոցներ, որոնք նույնիսկ փամփուշտներ չունեն: Օրինակ, այս պահին Երեւանի մարզադպրոցը փամփուշտ չունի: Ֆեդերացիան կարողանում է միայն մրցաշարերից առաջ հավաքականին ապահովել փամփուշտներով, որպեսզի կարողանան նախապատրաստվել:

Ֆեդերացիայի բյուջեն 48 մլն դրամ է, որը բավարարում է միայն ներքին առաջնություններին եւ պաշտոնական մրցաշարերին՝ Եվրոպա, աշխարհ: Երեւանի մարզադպրոցի տնօրենը դիմել է նախարարությանը՝ փամփուշտների համար: Ասել են՝ կլինի՝ այսօր, վաղը, բայց արդեն երկար ժամանակ է՝ չի լինում: Ես էլ արդեն չգիտեմ, թե երբ կլինի, այդ պատճառով դիմում եմ հովանավորների, որպեսզի մեզ աջակցեն: Ինձանից ոսկե մեդալ են ուզում: Ես կադր չունեմ, որ նրան ոսկե մեդալակիր դարձնեմ, քանի դեռ մարզադպրոցներում մարզվող երեխաները մարզումների համար նույնիսկ փամփուշտ չունեն»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը: 

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգրերի ակնկալիքներ ունի, սակայն, մտահոգվում է, թե նման պայմաններում ինչպես է հաջողվելու վարկանիշներ ձեռք բերել:

«Մեծ պոտենցիալ ունենք, մի քանի ուղեգրի ակնկալիք ունեմ.3-4 ուղեգիր երեւի կունենանք, բայց այս տեմպերով, այս միջոցներով ինչպե՞ս նվաճենք մեզ հանասելիք ուղեգրերը: Առաջիկայում Երեւանում կանցկացնենք Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարը, ապա կնախապատրաստվենք օլիմպիական վարկանիշային մրցաշարերի: Երեք մրցաշար ունենք՝ Գերմանիայում մայիսին, Բրազիլիայում օգոստոսին, որտեղ անցկացվելու են աշխարհի գավաթի փուլերը: Բացի աշխարհի գավաթի փուլերից, հնարավորություն ունենք օլիմպիական ուղեգրի համար պայքարել նաեւ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Այս հնարավորություններով կարողացանք Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար ընդամենը երկու ուղեգիր նվաճել, բայց կարող էինք ավելի շատ մասնակից ունենալ»,- նշեց Սեյրան Նիկողոսյանը:

Փորձի պակասից բողոքում են նաեւ մարզիկները: Ըստ նրանց, լավ արդյունքներ կարող են գրանցել, բայց մրցաշարերի ընթացքում մշտապես զգում են փորձի պակասը:

«Բարդ էր Եվրոպայի առաջնությունում պայքարելը, ուժեղ մրցակցություն կար, հուզմունքը մեծ էր: Եվրոպայի առաջնությանը մասնակցելով, զգում էինք փորձի պակասը: Բայց կարողացանք հաղթահարել ներքին խնդիրները եւ երկրորդ տեղի արդյունք ցույց տվեցի»,- ասաց ԵԱ արծաթե մեդալակիր Հովհաննես Մարգարյանը:

«Չորրորդ տեղ գրավեցի, բայց կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ: Մինչեւ վերջին պահը 1-2-րդ տեղով էի գնում, բայց վերջին կրակոցս ինձ հետ գցեց: Դա թերեւս փորձի պակասն էր, լարվածությունը, հուզմունքը: Մարզումների ընթացքում լարվածություն չես զգում, բայց արդեն երբ Եվրոպայի առաջնությունում ես, լարվածությունը մեծ է, քանի որ սովոր չես, հաճախակի չես մասնակցում մրցաշարերի ու հուզմունքդ էլ խանգարում է»,- հավելեց Զավեն Իգիթյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։