08:10 24 մարտի, 2019Ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղից առաջ տեղի ունեցավ սկանդալային միջադեպ: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած հանդիպումման կազմակերպիչները հակառակ կողմով էին կախել Հայաստանի դրոշը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել երկրպագուների շրջանում եւ նաեւ քննարկման առարկա դարձել համացանցում:
ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանի խոսքով, հայկական կողմը, նկատելով դա, անմիջապես քայլեր է ձեռնարկել հանդիպման կազմակերպիչների սխալը շտկելու ուղղությամբ, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Հանդիպումից առաջ, երբ ժամանեցինք ստադիոն, նկատեցինք, որ Հայաստանի պետական դրոշը կախված է հակառակ կողմով: Մեր հարցադրմանը սկզբում պատասխան եղավ, որ իրականում դրոշը ճիշտ է կախված, պարզապես սարքը, որի վրա ամրացված է դրոշը, անընդհատ պտտվում է, եւ դա է պատճառը, որ այն երեւում է հակառակ կողմով: Երկրորդ անգամ մեր հարցադրմանը պատասխանեցին, որ դրոշն օրորվում է քամու պատճառով, սակայն մենք նկատեցինք, որ ՈւԵՖԱ-ի եւ Respect-ի դրոշները նույնիսկ քամու պարագայում անփոփոխ էին: Դրանից հետո մեր պատվիրակությունը վերջապես կարողացավ գտնել մարդկանց, որոնց միջամտության շնորհիվ հնարավոր եղավ ուղղել այդ սխալը: Քանի որ խաղադաշտ եկած հայ երկրպագուների շրջանում եւ նաեւ համացանցում դա դժգոհություն էր առաջացրել, ցանկանում ենք պարզաբանում տալ այդ հարցով: Ի վերջո, մեր պատվիրակության հորդորներից հետո խաղից 5-7 րոպե առաջ հանդիպման պատասխանատուներն իջեցրին մեր դրոշը եւ այն շրջեցին հակառակ կողմով: Իհարկե, խաղի ժամանակ եղավ նաեւ դեպք, որ դրոշը քամու պատճառով ծալվել էր եւ ընդհանրապես չէր երեւում, սակայն գոնե կարողացանք հասնել նրան, որ ի վերջո սխալը շտկվեց եւ դրոշը տեղադրվեց ճիշտ կողմով»,- ասաց Հայկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով: Հյուրերից հանդիպման հաշիվն ավելացրած ժամանակում կրճատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:
Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից
NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.