Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան. Ջեկոյի հոբելյանական հանդիպումը «փչացնելու» սպասումով

15:15   23 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին կսկսի պայքարը Եվրո-2020-ի ընտրական փուլում: J խմբի առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում արտագնա հանդիպում կանցկացնի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ:

Պատմություն

Սա Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականների երրորդ դիմակայությունն է: Այս թիմերը հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Առաջին խաղը տեղի է ունեցել 2008-ի հոկտեմբերի 15-ին Զենիցա քաղաքի «Բիլինո Պոլե» ստադիոնում, որտեղ բեսնիացիները տնային հաղթանակ էին տարել 4:1 հաշվով: Թիմերի միջեւ պատասխան խաղն անցկացվել է 2009-ի սեպտեմբերի 5-ին, երբ Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվել է 0:2 հաշվով:

Նախորդ ելույթները

Եվրո-2020-ի ընտրական փուլից առաջ 2 թիմերն էլ մասնակցեցին ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգային: Եթե Հայաստանի հավաքականի ելույթները, մեղմ ասած, hուսադրող չէին, սպա բոսնիացիները վստահ հաղթանակ տարան B դիվիզիոնի երրորդ խմբում (Բոսնիա-Հերցեգովինա, Ավստրիա, Հյուսիսային Իռլանդիա) եւ պահպանում են Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու շանսերը նաեւ այդ մրցաշարում:

Նախախաղային տրամադրություն

Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին նախախաղային ասուլիսում նշել էր, որ Հայաստանի թիմը բարդ մրցակից է, սակայն խորվաթ մասնագետը վստահություն էր հայտնել, որ եթե բոսնիացիներին հաջողվի ցուցադրել իրենց ֆուտբոլը, Հայաստանի հավաքականը շանս չի ունենա այս խաղում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշել էր, որ այս ընտրական փուլն իր մարզչական կարիերայի ամենաբարդ փորձությունն է: Հայ մարզիչն ընդգծել է, որ այսօր հաղթում են ոչ միայն շատ հարձակվող թիմերը, այլեւ այն թիմերը, որոնք քիչ են սխալվում:

Կորոստներ

Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի միակ կորուստը Սեադ Կոլաշինացի բացակայությունն է: Լոնդոնի «Արսենալի» պաշտպանը ձախ եզրում մշտապես մրցակիցներին անհանգստացնում է իր՝ գրոհներին միացումներով: Հայաստանի հավաքականին վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել բելառուսական «Լուչի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը հավակնում էր նույնիսկ հանդես գալ մեկնարկային կազմում: Այժմ հավաքականի ճամբարում գտնվող Յուրա Մովսիսյանի բացակայությունն անակնկալ չէր, քանի որ 31-ամյա հարձակվողն ակումբ չունի վերջին շրջանում եւ ֆունկցիոնալ լավ վիճակում չէ: Հայաստանի հավաքականի կազմում Սարաեւո մեկնած 25 խաղացողներից հանդիպմանը չի հայտավորվել նաեւ «Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: Գուցե դա նշանակում է, որ այս խաղում եւս Արմեն Գյուլբուդաղյանցը մտադիր չէ հնարավորություն տալ երիտասարդներին:

Հարցականի տակ է Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությունը խաղին: Հարոյանն ունի բարձր ջերմություն: 26-ամյա պաշտպանն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակում, սակայն նրա մասնակցության հարցը կորոշվի հանդիպումից առաջ: 

Գլխավոր վտանգը՝ օրվա գլխավոր հերոսից

Պարզից էլ պարզ է, որ Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականից ամենամեծ վտանգը պետք է սպասել իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյից: Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Հայաստանի հավաքականի դեմ խաղում 100-րդ հանդիպումը կանցկացնի ազգային թիմի կազմում: Նախախաղային ասուլիսում Ջեկոն նշել էր, որ այս խաղը յուրահատուկ է լինելու իր համար եւ միշտ կմնա իր սրտում: Իհարկե, չենք մոռանում նաեւ Միրալեմ Պյանիչի մասին: Թուրինի «Յուվենտուսի» առանցքային կիսապաշտպանը բոսնիացիների գրոհների դիրիժորն է եւ հենց նա է ամենաշատը Ջեկոյին օգնելու անմոռանալի դարձնել հոբելյանական հանդիպումը:

Ստադիոնը

Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնը, մեղմ ասած, եվրոպական լավագույն ստադիոններից չէ: «Գրբավիցա» ստադիոնը բացվել է 1953-ին, իսկ ամենածանր օրերը տեսել է Բոսնիական պատերազմի եւ Սարաեւոյի պաշարման (1992-1996) ժամանակ։ Ստադիոնը հյուրընկալում է մոտ 14 հազար երկրպագուների: Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան խաղում դաշտի տերերը, միանշանակ, չեն ունենա երկրպագուական թեժ աջակցության պակաս:

Նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը կխաղա սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կապույտ:

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր

J խումբ

Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան՝ 23։45 (Երեւանի ժամանակով)

Գլխավոր մրցավար՝ Յակոբ Կելետ (Դանիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսպոր», Թուրքիա), Սամիր Մեմիշեւիչ («Գրոնինգեն», Հոլանդիա), Էրվին Զուկանովիչ («Ջենոա», Իտալիա), Էրմին Բիչակչիչ («Հոֆենհայմ», Գերմանիա), Էլդար Ցիվիչ («Սպարտա», Չեխիա), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս», Իտալիա), Մոհամեդ Բեսիչ («Միդլսբրո», Անգլիա), Հարիս Դուլեւիչ («Դինամո», Դրեզդեն, Գերմանիա), Էդվին Վիշցա («Իստանբուլ», Թուրքիա), Կենան Կոդրո («Աթլետիկ», Իսպանիա), Էդին Ջեկո («Ռոմա», Իտալիա):

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։