Վարազդատ Հարոյանի մասնակցությունը հարցականի տակ է, Ալիկ Առաքելյանը բացակայում է հայտացուցակից (ֆոտո)

14:11   23 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությունը հարցականի տակ է Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմանը, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հարոյանն ունի բարձր ջերմություն: 26-ամյա պաշտպանը հայտավորվել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղին, սակայն նրա մասնակցության հարցը կորոշվի հանդիպումից առաջ: Վարազդատ Հարոյանը նախօրեին մասնակցել էր Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում:

Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ: Սարաեւո մեկնած 25 խաղացողներից չէն հայտավորվել այժմ ակումբ չունեցով 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը:

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45: Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ:

Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։