Ռոբերտ Պրոսինեչկի. Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ է, բարդ մրցակից

23:02   22 մարտի, 2019

Ֆուտբոլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Սարաեւոյում անցկացված նախախաղային ասուլիսում անդրադարձավ Հայաստանի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղին, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ է: Կարող եմ ասել, որ հայերը բարդ մրցակից են: Ակնկալում ենք լավ հանդիպում: Գիտենք, որ Հայաստանի հավաքականը փորձելու է ցուցադրել իր լավագույն խաղը: Տեսել ենք, թե Հայաստանի հավաքականն ինչպիսի խաղ է ցուցադրել մակեդոնացիների դեմ, սակայն մենք նույնպես լավ փորձ ենք հավաքել Ազգերի լիգայում:

Սեադ Կոլաշինացը չի մասնակցի վաղվա հանդիպմանը, բայց պատրաստ կլինի Հունաստանի հավաքականի դեմ հաջորդ խաղին: Վաղը մենք դաշտում կունենանք 11 խաղացողներ, որոնք կխաղան հաղթանակի համար:

Տեսնում ենք, որ անակնկալներ միշտ լինում են: Օրինակ՝ Ղազախստանի հավաքականի հաղթանակը շոտլանդացիների նկատմամբ: Խորվաթիայի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ հանդիպումը ցույց տվեց, որ այս ընտրական փուլում բոլոր հանդիպումները բարդ են լինելու:

Այժմ 100 տոկոսով կենտրոնացած ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղի վրա եւ դեռ չենք մտածում խմբում մեր հեռանկարների մասին: 100 տոկոսով պատրաստ ենք այս խաղին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: 

Եթե մեզ հաջողվի ցուցադրել մեր ֆուտբոլը, հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը շանս չի ունենա այս խաղում»,- նշեց խորվաթ մասնագետը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պրոսինեչկին 2014-2017-ը գլխավորել է Ադրբեջանի հավաքականը: Նա 2018-ից է աշխատում Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականում:

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45: Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ:

Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։