Սարգիս Ադամյան․ Բոսնիայի դեմ պետք է խաղանք դուխով

21:42   22 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին ներկայացել էր գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, որը խոսեց առաջիկա խաղի մասին, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Սպասելիքների մասին կասեմ, որ պետք է խաղանք դուխով, մարզիչը նշել է, որ այդ դեպքում կարող ենք հասնել արդյունքի: Ակումբի կազմում առաջնության բոլոր խաղերին մասնակցել եմ եւ գտնվում եմ լավ մարզավիճակում: Ինձ համար միեւնույն է, թե որ դիրքում հանդես կգամ հավաքականում: Դա կորոշի մարզիչը: Ընտրական փուլի նոր գնդակների մասին կասեմ, որ գնդակը կարեւոր չէ ինձ համար»,- ասաց ֆուտբոլիստը:

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ:

Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։