Ալեքսանդր Կարապետյան․ Բոսնիացիների դեմ խաղում պետք է կարգապահ լինենք

00:07   21 մարտի, 2019

Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, թե որ դեպքում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կարող է հաջողություն ակնկալել Բոսնիա-Հերցեգովինայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում, որը տեղի կունենա Սարաեւոյում։ 

«Բոսնիացիների հետ դժվար է լինելու, հարկավոր է ամբողջ խաղի ընթացքում կարգապահ լինել։ Թիմում վստահություն կա։ Այնտեղից ինչ-որ բան կարող ենք տանել, եթե կարգապահությամբ խաղանք։

Երբ անցած տարի Ազգերի լիգայում տեղի ունեցավ վերադարձս հավաքական, տպավորություն էր, որ չեմ հեռացել, բայց իրականում անցել էր չորս տարի։ Ձգտել եմ անընդհատ զարգացնել խաղս։ 30 տարեկանում Աստված ինձ եւս մեկ հնարավորություն տվեց»,- ասել է Ալեքսանդր Կարապետյանը, որը պատմել է նաեւ Լյուքսեմբուրգի առաջնության մասին։

Հայաստանի հավաքականը Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։