Բրոնզե մեդալ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունից

15:08   19 մարտի, 2019

Խորվաթիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնության մեկնարկը հաջող է ստացվել Հայաստանի հավաքականի համար:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերում։

Վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են երեք մարզուհիներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը, որոնք հանդես են եկել անհատական եւ թիմային պայքարում: Թիմային պայքարում նրանք 1607 միավորով դարձել են բրոնզե մեդալակիր: Անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը՝ 10-րդ, իսկ Արուսյակ Գրիգորյանը՝ 11-րդ:

Զավեն Իգիթյանը եւ Նարե Գաբրիելյանն ատրճանակի թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ տեղը՝ հավաքելով 747 միավոր:

Հայ հրաձիգները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Եվրոպայի առաջնությունից առաջ հրաձգության Հայաստանի թիմը փետրվարի 1-16-ը հավաք է անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։