Գաբրիել Ղազարյան. Չենք ճանաչի թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքները, եթե լինի բոյկոտող կողմ

17:20   15 մարտի, 2019

Հայաստանի սպորտի նախարարությունը չի ճանաչի թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքները եւ չի հաստատի առաջնության հաշվետվությունը, եթե մարտի 16-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունում լինի բոյկոտող կողմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն՝ անդրադառնալով Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի շուրջ ստեղծված խնդրին եւ մարտի 16-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը:

Պարոն Ղազարյան, արդեն տեւական ժամանակ հայկական թաեքվոնդոյում պառակտում է: Ինչպիսի՞ն է նախարարության դիրքորոշումն այս խնդրում:

Երբ ավարտվեց նախագահի լիազորությունների ժամկետը, նոր ընտրություններ անցկացնելու խնդիր առաջացավ: Ֆեդերացիայի ղեկավար կազմի շուրջ ստեղծված խնդրում մի քանի կողմ կա, բայց դա նախարարության խնդիրը չէ: Որպես պետական կառույց, այս ամիսների ընթացքում փորձել ենք բոլոր կողմերի հետ հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ ունենալ եւ առանձին եւ միասին: Առկա խնդրին մանրամասն ծանոթ ենք, հետեւում ենք եւ գիտենք լուծման ճանապարհները:

Դեռ չենք միջամտում, քանի որ ուզում ենք, որ իրենք իրենց մեջ լուծեն այս հարցը: Այս պահին կա խնդիր՝ պետք է անցկացվի ընտրություններ: Որպես լուծում՝ առաջարկել ենք ընտրությունները լինեն ակումբներով: Նախարարությունում հայտագրվեցին ակումբները, որոնցից 8-ը գործող եւ 5-ի համար էլ պահանջեցինք ապացույցներ, որ վերջին տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնությանը:

Ամեն ինչ որոշվեց եւ փետրվարի 16-ին նշանակվեց ընտրություն, սակայն մեկ օր առաջ պարզվեց, որ կրկին խնդիրներ կան: Կա նախագահի երկու թեկնածու եւ այստեղ յուրաքանչյուրն ուզում է իր թեկնածուն ընտրվի: Նախարարությանը հայտնեցին, որ ընտրությունից առաջ երկու թեկնածուները ցանկություն են հայտնել հանդիպել միմյանց հետ եւ, հավանական է, մեկ ընդհանուր լուծում գտնեն, երկուսով փորձեն ծավալել իրենց գործունեությունն ի շահ հայկական թաեքվոնդոյի: Այս պատճառով հետաձգվեց ընտրությունը: Հետոագայում պարզվեց, որ նման հանդիպում տեղի չի ունեցել: 

Ի՞նչ լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում:

Լուծումն օրինական ճանապարհն է: Մեր առաջարկ-պահանջը հետեւյալն է՝ կազմակերպել ընտրություններ, ընտրել նոր նախագահ եւ ղեկավար կազմ, նոր անցկացնել Հայաստանի առաջնություն: Առանց նոր ղեկավար կազմի եւ նախագահի ընտրությունների, անհնար է անցկացնել Հայաստանի առաջնություն, քանի որ մտավախություն կա, որ մարզիկների մեծ մասը կբոյկոտի: Մարզիկների  տեսակետից արդարացված է. եթե ես էլ վրդովված լինեի, դեմ լինեի մի բանի, գուցե այդպես վարվեի, բոյկոտեի... Պետք է հասկանանք, որ այս մի կողմն էլ ունի լավ մարզիկներ, նրանք պարտավոր են մասնակցել Հայաստանի առաջնությանը, պարտավոր են համալրել Հայաստանի հավաքականը, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել աշխարհի առաջնությանը, այն էլ օլիմպիական վարկանիշային: Ոտնահարել այս մյուս կողմի մարզիկների իրավունքները, մեծ «արտակարգ դեպք» է:

Փաստացի, մարտի 16-ին մեկնարկում է Հայաստանի առաջնությունը...

Հենց երեկ եւս մեկ անգամ գործող ղեկավարությանն առաջարկել եմ՝ չանցկացնել Հայաստանի առաջնությունը, հետաձգել, շատ արագ կազմակերպել ընտրություններ, հետո նոր կազմակերպել ու անցկացնել առաջնություն:

Եթե կայանա, որո՞նք կլինեն նախարարությանը քայլերը:

Նախարարությունը չի ընդունի... Չգիտենք՝ ինչ ընթացք կլինի: Եթե բողոքարկող կողմի մարզիկները մասնակցեցին, ուրիշ հարց է: Բայց եթե մարզիկները բոյկոտեցին, գործող ակումբների մարզիկները չմասնակցեցին, նախարարությունը չի ընդունի առաջնության արդյունքները: Որպես նախարարություն, կհամարենք, որ Հայաստանի առաջնությունը ոչ պատշաճ մակարդակով է անցկացված:

Ֆեդերացիայի ղեկավարության շտապողականությունն ի՞նչ միտում ունի:

Նախարարության դիրքորոշումը արդար եւ օրինական ճանապարհն է: Եթե ֆեդերացիան գնում է արդարության եւ օրենքի դեմ, ուրեմն նրանք մտավախություններ եւ անձնական ամբիցիաներ ունեն. այլ գնահատական չեմ կարող տալ այս իրավիճակին:

Նախարարությունը հաստատե՞լ է ֆեդերացիայի 2019-ի բյուջեն:

Այո:

Քանի որ, 2018 թվականի նոյեմբերի 4-ից ավարտվել է ՀԹՖ նախագահի լիազորությունները, ֆեդերացիայի գործունեությունն, ըստ նախարարության, լեգիտի՞մ է: Եթե ոչ, ապա ճի՞շտ է նախարարության կողմից  ոչ լեգիտիմ ֆեդերացիային ֆինանսավորելը:

Լիազորություններն ավարտվելուց 3 ամվա ընթացքում ֆեդերացիան պետք է ընտրեր նոր նախագահ եւ ղեկավար կազմ: Բայց արդեն 4-րդ ամիսն է՝ ֆեդերացիան նախագահ չի ընտրում: Եթե մենք չֆինանսավորենք, կտուժի մարզաձեւը: Բայց փաստում եմ, որ մենք չենք ֆինանսավորում Հայաստանի առաջնությունը, եթե այն անցկացվի ոչ պատշաճ մակարդակով եւ լինեն բոյկոտող մարզիկներ: Եթե անցկացնելու են, թող լինի, բայց նախարարությունը հաշտետվությունը չի ընդունի: Մենք չենք ընդունի: Ֆեդերացիան նոր առաջնություն պետք է անցկացնի:

Նախագահի լիազորությունների ավարտից հետո 3 ամիս շարունակել ենք ֆինանսավորել ֆեդերացիան, քանի որ եթե չհատկացնեինք գումարը, դա կվնասեր մարզիկներին, ուսումնամարզական գործընթացին: Հայաստանի առաջնությունն ուրիշ հարց է: Նախարարությունն իրավասու է կտրել ֆեդերացիայի ֆինանսավորումը, քանի որ ընտրություններ անցկացնելու ժամկետն անցել է: Բայց այդ իրավասությունը վնասում է մարզիկներին:

Կա քրեական գործ ֆեդերացիայի նկատմամբ: Տեղյա՞կ եք:

Իհարկե, տեղյակ եմ: Շատ վատ եմ վերաբերվում ստեղված իրավիճակին: Սա վայել չէ մեր մարզաշխարհին: Ըտրություններ է լինելու, միանշանակ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։