Գաբրիել Ղազարյան. Մեծ առաջընթաց կա հայկական մարմնամարզությունում

17:44   14 մարտի, 2019

Սպորտի նախարարության տվյալներով, Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հատակն այս տարի վերանորոգվելու է քաղաքապետարանի կողմից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, որը մարտի 14-ին ներկա էր սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության եզրափակիչներին եւ պարգեւատրման արարարողությանը:

«Ինձ ուրախացնում է մարմնամարզությունում ակնհայտ առաջընթացը: Նախորդ Օլիմպիական խաղերում՝ Ռիոյում, մենք մոտ էինք օլիմպիական մեդալին, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Մեծ ակնկալիք ունեմ, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեզ կհաջողվի մեդալ նվաճել: Նախորդ տարիների համեմատ, մեծ առաջընթաց կա հայկական մարմնամարզությունում:

Ինչ վերաբերում է մարզադպրոցի վերակառուցմանը, գիտեք, որ այն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, եւ քաղաքապետարանը պետք է զբաղվի վերանորոգման աշխատանքներով: Բաց նախարարությունն էլ անմասն չի մնում եւ 2018 թվականին պետբյուջեի միջոցով գումար հատկացվեց այս մարզադպրոցի համար նոր մարզագույք, գործիքներ ձեռք բերելու համար: Ցավոք, նախարարությունը որեւէ լիազորություն չունի ազդելու քաղաքապետարանի գործունեության վրա, բայց իմ տեղեկություններով, արդեն տարվում են աշխատանքներ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի հատակը վերանորոգելու ուղղությամբ: Կարծում եմ կարճ ժամանակում այս հարցը կլուծվի»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ա. Ազարյանի մարզադպրոցում ավարտված սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությանը մասնակցեց 55 մարզիկ Երեւանից, Գյումրուց եւ Էջմիածնից: Կանանց եւ տղամարդկանց պայքարում Հայաստանի բացարձակ չեմպիոններ ճանաչվեցին Արթուր Դավթյանն ու Աննա Գրիգորյանը: Հայաստանի չեմպիոններ ճանաչվեցին նաեւ Հարություն Մերդինյանը՝ նժույգի վարժություն, Արթուր Թովմասյանը՝ օղակներ, մյուս վարժություններում չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Դավթյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։