ՀԳՖ նախագահ․ Հայաստանը ԱԱ-ում կներկայացնեն Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը

14:36   12 մարտի, 2019

Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը անցկացվելիք գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը, որը զրուցել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի հետ:

Տիկին Ստեփանյան, մարզիկներից ովքե՞ր են մասնակցելու ԱԱ-ին և ովքե՞ր են նրանց ուղեկցելու, բացի մարզիչներից։

Ճապոնիա կմեկնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը։ Մրցավայր կմեկնենք նաև ես և ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը։

Փաստորեն, այս առաջնությունում եւս չենք ունենալու պարային զույգ։

Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ կապված խնդիր, դրա համար այս տարի չի մասնակցում։ Եթե մինչև հուլիսի 1-ը կարգավորենք խնդիրները, հաջորդ տարի կմասնակցի։

NEWS.am—ի հետ հարցազրույցում Սլավիկ Հայրապետյանը նշել էր, որ մրցաշարերի համազգեստի ծախսը հոգում են ծնողները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Սլավիկ Հայրապետյանի համար ինչ արվում է՝ արվում է ֆեդերացիայի միջոցներով։ Մենք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ ISU-ից ստանում ենք հատկացումներ, որը, ըստ օրենքի, ֆեդերացիայինն է, բայց ես պարտադիր այդտեղից հատկացումներ եմ անում Սլավիկ Հայրապետյանի և մյուս մարզիկների համար։ Թող այդ գումարից կարվեն նաև հագուստները, խնդիր չեմ տեսնում։ Հայաստանում դրանք մեծ գումար չեն։ Եթե Սլավիկը բարձրաձայնի, որ մարզվում է Ուրմանովի մոտ և ծախսերը հոգում են իրենք, ես կհամաձայնեմ։ Ֆեդերացիային այդպիսի խոշոր գումարներ չեն հատկացնում, որ մենք ծախսենք։ Եթե ստանամ տարեկան 100 մլն դրամ բյուջե, հավատացեք՝ 105-ը կծախսեմ, բայց 9 մլն դրամով հազիվ հաշվում եմ, թե քանի մրցաշարի հասցրեցի ուղարկել մարզիկներին։

Անաստասիա Գալուստյանը սահադաշտ վերադարձավ որոշակի դադարից հետո։ Ո՞րն էր այդ ընդմիջման իրական պատճառը:

Ես երբեք չեմ ցանկացել բարձրաձայնել այդ թեման, բայց նրա մոտ տարիքային կամակորություն է եղել։ Նույնիսկ եղել է, որ նա որոշել է փոխել մարզումային սահադաշտերը, ինչը ես իմ կապերով կարգավորել եմ՝ չնայած դա իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց ես չեմ կարող եւ չեմ ցանկանում հաշվի նստել մարզիկների տարիքային կամակորությունների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։