Հակոբ Սերոբյան․ Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելու մարմնամարզիկների միակ հնարավորությունը ԱԱ-ն է

19:14   11 մարտի, 2019

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունը 2019 թվականի աշխարհի առաջնությունն է՝ այն էլ, եթե լինենք մեդալակիր կամ մինչեւ 6-րդ տեղը զբաղեցնենք: Այլ շանս չունենք, քանի որ վարկանիշային մրցաշարերի մի մասը Բաքվում է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մարտի 12-ին կմեկնարկի մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 2019՝ նախաօլիմպիական տարին մարմնամարզիկների համար հագեցած է մրցաշարերով, սակայն  օլիմպիական վարկանիշ նվաճելու միակ հույսն  աշխարհի առաջնությունն է: Աշխարհի գավաթի խաղարկությունները եւս վարկանիշային են, բայց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչն առանձնապես մեծ ակնկալիքներ չունի դրանցից, քանի որ 8 վարկանիշային մրցաշարերից երկուսը Բաքվում են, որոնք մարմնամարզիկները բաց կթողնեն:

Պարոն Սերոբյան, ի՞նչ ծրագիր ունեք նախաօլիմպիական տարում:

Նախ կանցկացնենք Հայաստանի առաջնություն մարտի 12-15-ը: Այս տարի մեծ հնարավորություն ենք տալու երիտասարդներին: Նրանցից լավագույն 5-ը մարտի 28-ից ապրիլի 7-ը մեծահասակների հետ Թբիլիսիում կմասնակցի ուսումնամարզական հավաքին: Թբիլիսյան հավաքը կլինի մեծահասակների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, որն այս տարի կայանալու է Լեհաստանում ապրիլի 10-14-ը:

Բայց մինչեւ Եվրոպայի առաջնությունը, մեծահասակները մարտի 18-24-ը Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի որակավորման փուլին:

Այս պահին կենտրոնացած ենք Եվրոպայի առաջնության վրա, որը վարկանիշ է տալիս Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար: Եվրոպական խաղերի որակավորում ԵԱ-ում տալիս է բազմամարտը՝ մինչեւ 18-րդ տեղ, առանձին գործիքների վրա միայն մեդալակիրներին:

Արդեն որոշվա՞ծ է, թե ովքեր են հանդես գալու ԵԱ-ում:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք 6 մարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Թովմասյան, Վիգեն Խաչատրյան, Արթուր Ավետիսյան: Նրանցից ով մեդալակիր դարձավ, կմասնակցի Եվրոպական խաղերին: Մեծ սպասելիք ունեմ բազմամարտում Արթուր Դավթյանից. նա կհայտնվի լավագույն 18-ում: Բայց, ընդհանուր առմամբ, այս տարվա Եվրոպայի առաջնությունը շատ բարդ է լինելու, մեծ մրցակցություն կա:

Իսկ ո՞ր մրցաշարերն են վարկանիշային Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է: Բայց մեր շանսերը նվազագույնն են այս խաղարկությունում:

Նախ նշեմ, որ աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են, որոնք 8-ն են մինչեւ Օլիմպիական խաղեր: Դրանցից 2-ը Բաքվում է լինելու, որոնց Հայաստանը հասկանալի պատճառներով չի մասնակցի: Այդ 8 գավաթների խաղարկությունից Հայաստանը մասնակցում է 4-ին, այսինքն՝ մեր հնարավորությունների 50 տոկոսն ենք օգտագործելու օլիմպիական վարկանիշ նվաճելու համար: Այստեղ օլիմպիական վարկանիշները խաղարկվում են  միավորներով: 8 գավաթային փուլերից հետո 3 ամենաբարձր միավորները հավաքած մարմնամարզիկները օլիմպիական վարկանիշ ձեռք կբերեն: Իսկ մենք մասնակցում ենք 4-ին, եւ արդեն մեր հնարավորությունները նվազագույնին են հասնում:

Արդեն մասնակցել ենք Քոթբուսի գավաթային փուլին, առջեւում Դոհան է, տարեվերջում եւս մեկ փուլի կմասնակցենք Քոթբուսում եւ հաջորդ տարի նորից Դոհայում:

Այսինքն՝  օլիմպիական վարկանիշ նվաճելու Հայաստանի միակ հույսը աշխարհի առաջնությո՞ւնն է:

Ստացվում է այդպես... Անկեղծ որեւէ հնարավորություն չեմ տեսնում աշխարհի գավաթի փուլերում վարկանիշ նվաճելու: Մեր այս տարվա հիմնական նպատակն աշխարհի առաջնությունն է, որը կայանալու է հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայի  Շտուտգարտ քաղաքում:

Օլիմպիական վարկանիշներ խաղարկվում են առանձին գործիքներում մեդալակիների համար: Կարգը փոխված է. եթե մեդալակիները եղան այն երկրներից, որոնք թիմային պայքարում արդեն վարկանիշ ունեն, դուրս են գալիս, եւ օլիմպիական վարկանիշները տալիս են հաջորդաբար 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղերին: Օրինակ՝ երբ 2018 թվականի աշխարհի առաջնությունում Արթուր Թովմասյանը 4-րդ տեղ զբաղեցրեց օղակների վարժությունում, եւ մեդակալիների մեջ լիներ թիմայինով արդեն վարկանիշ ձեռ բերած մարզիկ, Արթուր Թովմասյանը մեխանիկորեն օլիմպիական վարկանիշ ձեռք կբերեր:

Աշխարհի առաջնությունում ովքե՞ր կպայքարեն օլիմպիական վարկանիշների համար:

Այստեղ էլ խնդիր ունենք: ԱԱ-ում 3 մարմնամարզիկից շատ մասնակից չենք կարող ունենալ: 24 երկիր միայն հնարավորություն ունի թիմով հանդես գալ, մնացած երկրները 3-ական մարմնամարզիկով: Թիմով չենք կարող հանդես գալ, քանի որ այդ 24 երկրներից միայն 12 թիմն է վարկանիշ ստանալու։ Մենք թիմային պայքարում հնարավորություն չունենք այդ լավագույն 12-ի մեջ հայտնվելու:

Մենք ունենք ուժեղագույններ առանձին գործիքների վրա: Մեծ մրցակցություն կա օղակների վարժությունում՝ Արթուր Թվմասյան - Վահագն Դավթյան: Ըստ Հայաստանի առաջնության եւ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքների կորոշվի, թե ով կմեկնի աշխարհի առաջնություն: Մարզիկները գիտեն, որ լավագույն արդյունքը ցույց տվածը հնարավորություն կստանա օլիմպիական վարկանիշի համար պայքարել:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։