ԵԱ Մ-23. Խաչատուր Պապիկյանը՝ բրոնզե մեդալակիր

21:35   10 մարտի, 2019

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել պայքարի մեջ եւ բուլղարացի (17:8) ու մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել էր ռուս Նիկիտա Սուչկովին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ելույթն ավարտեց մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալով: Նախօրեին ոսկե մեդալակիր էր դարձել Վազգեն Թեւանյանը, որն ամենաուժեղն էր 65 կգ քաշային կարգում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես եկան նաեւ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։