ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս թողեց ՊՍԺ-ին, «Պորտու» - «Ռոմա» խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

01:58   7 մարտի, 2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն չկարողացավ հաղթահարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, թեեւ Անգլիայում հաղթել էր 2:0 հաշվով: Փարիզում տեղի ունեցած պատասխան խաղում ՊՍԺ-ն պարտվեց 1:3 հաշվով:

Արդեն երկրորդ րոպեին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն օգտվեց ՊՍԺ-ի գերմանացի պաշտպան Տիլո Կերերի անհաջող հետփոխանցումից դեպի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը եւ գրավեց դատարկ դարպասը:

12-րդ րոպեին դաշտի տերերի իսպանացի պաշտպան Խուան Բերնատը վերականգնեց հավասարությունը: Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:

30-րդ րոպեին Լուկակուն ձեւակերպեց դուբլ: Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հեռվից հարված կատարեց, Բուֆոնը որսաց գնդակը, սակայն անսպասելիորեն բաց թողեց, ինչից էլ օգտվեց Լուկակուն:

Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց ՊՍԺ-ի դարպասին սեփական տուգանային հրապարակում ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի ձեռքով խաղի պատճառով: Մարկուս Ռեշֆորդն արդյունավետ իրացրեց հարվածը՝ գրավելով Բուֆոնի պաշտպանած դարպասը:

Օրվա մյուս խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվել է պորտուգալական «Պորտուին»: Կողմերը մեկական գոլ փոխանակեցին առաջին խաղակեսում: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Տիկինյոն: Մինչեւ ընդմիջում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում «Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգան խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:3 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:0)

Խուան Բերնատ, 12 - Ռոմելու Լուկակու, 2, 30, Մարկուս Ռեշֆորդ, 90+2, 11մ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1 (հիմնական ժամանակ) (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:2)

Տիկինյո, 27, Մուսա Մարեգա, 52 - Դանիելե Դե Ռոսի, 37, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։