«Յուվենտուսի» թրիլերային հաղթանակը Նեապոլում (տեսանյութ)

01:28   4 մարտի, 2019

Իտալական A Սերիայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» գերդրամատիկ պայքարում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիի» նկատմամբ (տեսանյութ):

Խաղի սկզբնամասն անցնում էր հավասար պայքարում, իսկ 21-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 խաղացողներով: Վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Նապոլիի» 21-ամյա իտալացի դարպասապահ Ալեքս Մերետը: Նեապոլցիների դարպասի մոտ վտանգավոր դիրքում նշանակվեց տուգանային հարված, որն անթերի իրացրեց «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: Թվային առավելություն ստացած հյուրերն առաջին խաղակեսի վերջնամասում նաեւ կրկնապատկեցին առավելությունը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջենը: Թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ եւ թվում էր, թե «Յուվենտուսին» ոչինչ չի խանգարի տանել հերթական հաղթանակը, սակայն ընդմիջումից հետո պատկերն այլ էր:

47-րդ րոպեին թուրինցիներից կարմիր քարտ ստացավ Միրալեմ Պյանիչը, որը երկրորդ անգամ զգուշացվեց ձեռքով խաղի համար: Երկրորդ խաղակեսում «Նապոլին» ուներ հսկայական առավեություն, եւ գրեթե չէր հեռանում մրցակցի կիսադաշտից, իսկ հյուրերը հազվադեպ էին մոտենում մրցակցի դարպասին: 61-րդ րոպեին «Նապոլին» խաղային առավելությունը վերածեց գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը: Նեապոլցիները չէին դադարում գրոհել, իսկ 83-րդ րոպեին ստացան նաեւ 11 մետրանոց հարվածի իրավունք: Մրցավարը 11 մետրանոց նշանակեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո, սակայն «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեի հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը: «Յուվենտուսը» մեծ դժվարությամբ հաղթական ավարտի հասցրեց հանդիպումը եւ շարունակում է մնալ Իտալիայի ընթացիկ առաջնությունում միակ անպարտելի թիմը:

Մինչեւ այս հանդիպումը «Նապոլին» բոլոր մրցաշարերում մեկ տարի չէր պարտվել տնային խաղերում: Նախորդ անգամ նեապոլցիները տնային պարտություն կրել էին 2018 թվականի մարտի 3-ին կայացած «Ռոմայի» դեմ խաղում (2:4):

Այս պարտությունից հետո Կարլո Անչելոտիի գլխավորած թիմն արդեն 16 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 1:2

Խոսե Կալյեխոն, 61 – Միրալեմ Պյանիչ, 28, Էմրե Ջան, 39

Հեռացումներ՝ Ալեքս Մերետ, 21 – Միրալեմ Պյանիչ, 47

Չիրացված 11 մետրանոց՝ Լորենցո Ինսինյե, 83 («Նապոլի»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։