Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությանը կմոտենանք ուժեղ կազմով (ֆոտո)

20:51   1 մարտի, 2019

Եվրոպայի առաջնությանը կմոտենանք ուժեղ կազմով, կմասնակցեն բոլոր այն մարզիկները, որոնք կհավակնեն մեդալի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի հավաքականը պատրասվում է ապրիլի 6-14-ը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում:

«10 հոգանոց թիմով կմեկնենք Բաթումի: Բայց դեռ վերջնական պարզ չէ, թե ովքեր կլինեն կազմում: Լինելու են բոլոր նրանք, ովքեր լիարժեք պատրաստ են մեդալ նվաճել: Եվրոպայի առաջնությունը երկրորդն է վեց օլիմպիական վարկանիշային մրցաշարերից: Այս պահին տղաներն արդեն հավաքում են համապատախան մարզավիճակ: Կանցկացնենք եւս երկու հավաք՝ Երեւանում եւ Աբովյանում:

Կանանց հավաքականը եւս կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Թիմը դեռ շատ երիտասարդ է եւ դեռեւս մեծ ակնկալիքներ չունենք: Նրանց հետ այս պահին աշխատում է Վիգեն Խաչատրյանը, բայց արդեն հավաքական է հրավիրվել Արտաշես Ներսիսյանը: Ցավոք, դեռ օրենքով նա իրավունք չունի թիմ տանել միջազգային մրցաշարերի, բայց թիմի հետ նրա աշխատանքը կշարունակվի: Քանի որ որակազրկված ենք եղել, միջազգային ֆեդերացիան մեզ միայն երկուական ուղեգրի հնարավորություն է տալիս Տոկիո-2020-ի համար: Տեսնենք կկարողանանք դարձնել 4: Ամեն ինչ կանեմ, որ միջազգային ֆեդերացիայի հաջորդ նիստում այս հարցը առաջ քաշեմ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։