«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին՝ Երեւանում կայացած MIX FIGHT 40 մրցաշարին (ֆոտոշարք)

00:56   25 փետրվարի, 2019

Երեւանում փետրվարի 24-ին անցկացվեց MIX FIGHT 40 մրցաշարը (ֆոտոռեպորտաժ), որին ներկա էր նաեւ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերասան Սամի Նասերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Լեփ-լեցուն տրիբունաներով անցած մրցաշարի գլխավոր մենամարտերի ժամանակ մարզադահլիճում էր նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացված երեկոյի գլխավոր մենամարտում հանդես եկավ խառը մենամարտերում (MMA) Հայաստանի առաջատար մարզիկներից Դավիթ Խաչատրյանը, որը Եվրոպական չեմպիոնական գոտու համար 3 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց իտալացի Սիմոնե Բոտինոյին: Խաչատրյանը 25-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում, որտեղ կրել է նաեւ 4 պարտություն:

Դավիթ Խաչատրյանին չեմպիոնական գոտին հանձնեց Գագիկ Ծառուկյանը, Սամի Նասերին եւս բարձրացավ ռինգ եւ շնորհավորեց հայ մարտիկին:

Երեկոյի ընթացքում անցկացվեցին 15 մենամարտեր՝ MMA-ի ու K-1-ի կանոններով: Մենամարտերից երեքը չեմպիոնական գոտու համար էին: WKL վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ղուլինյանը (68 կգ), որն ուժեղ գտնվեց իսպանացի Մանուել Գարսիայից:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.