Արգենտինայում անցկացվել է Էմիլիանո Սալայի հրաժեշտի արարողությունը

19:22   16 փետրվարի, 2019

Արգենտինայում տեղի է ունեցել ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» տեղափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հրաժեշտի արարողությունը, հաղորդում է AFP-ը:

28-ամյա ֆուտբոլիստին հրաժեշտ են տվել նրա հայրենի քաղաք Պրոգրեսոյում գտնվող «Սան-Մարտին դե Պրոգրեսո» ակումբի ակադեմիայում: Սալան ֆուտբոլային կարիերան սկսել է հենց այդ ակումբում:

Էմիլիանո Սալայի մարմինն Արգենտինա էր տեղափոխվել նախօրեին:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է:

«Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը:

Արգենտինացի ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։