Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը վիճարկեցին Հայաստանի չեմպիոնի կոչումը (ֆոտո)

16:02   15 փետրվարի, 2019

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։

Առաջնության վերջին օրը թեժ պայքար ընթացավ գերծանր քաշային կարգում, որտեղ հանդես եկան Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, ինչպես նաեւ Հայաստանի առաջատար ծանրորդներից Ռուբեն Ալեքսանյանը: 

Չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Մինասյանը, որը երկամարտում գրանցեց 428 կգ (195+233) արդյունք: Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 426 կգ (195+231) արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը եզրափակեց լավագույն եռյակը՝ 421 կգ (191+230): Այս քաշային կարգում հանդես եկան 6 ծանրորդներ:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանն անձնական քաշով զգալիորեն զիջում էր իր մրցակիցներին: Նրա քաշը 115 կգ է: Գոռ Մինասյանը կշռում էր 150 կգ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ 154 կգ:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի գործող չեմպիոնն է 109 կգ քաշային կարգում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունում նա հաղթել էր երկամարտի 435 կգ (195+240) արդյունքով: 

Մյուս քաշային կարգերում Հաայաստանի չեմպիոն դարձան Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Արա Պողոսյանը (61 կգ), Սեւակ Նիկողոսյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), 2016թ. Եվրոպայի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ):

Կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Մարիամ Հայրապետյանը (45 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Տանզելիա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Իզաբելա Յայլյանը (64 կգ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Նանե Ստեփանյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ): Կանանց Հայաստանի առաջնությանը հայտավորվել էին ռեկորդային թվով 38 ծանրորդներ:

  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։