Խինես Մելենդեսի՝ հայկական ֆուտբոլը զարգացնելու տեսլականը

14:30   12 փետրվարի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նոր պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ հանդիպեց հայ լրագրողների հետ: Ասուլիսի ընթացքում իսպանացի անվանի մասնագետը խոսեց տարբեր թեմաների շուրջ եւ պատմեց, որ Հայաստանում կիրառելու է նույն մոդելը, որը երկար տարիներ հաջողությամբ աշխատել է Իսպանիայում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Այսքան տարի նվիրեցի ֆուտբոլին Իսպանիայում, որտեղ 18 տարի աշխատում էի հավաքականների հետ: Ունեմ կիրք ֆուտբոլի նկատմամբ: Բավական է տեսնել, թե ինչպես են խաղում երեխաները, եւ պարզ է դառնում, թե ինչպիսի կիրք ունեն նրանք ֆուտբոլի նկատմամբ: Որոշեցի Հայաստան գալ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպումից հետո: Այստեղ երեւաց, թե մարդիկ ինչպիսի կիրք ունեն ֆուտբոլի հանդեպ: Ինչու ոչ, կարիերայիս վերջում կարող եմ աշխատել մի երկրում, որտեղ մեծ խանդավառություն կա ֆուտբոլի նկատմամբ: Ցանկանում եմ գիտելիքներս փոխանցել Հայաստանին: Սա շատ մեծ մարտահրավեր է ինձ համար: Ինչու չօգնել մի երկրի, որտեղ այդքան շատ են սիրում ֆուտբոլը: Ես ամեն ինչի հասել եմ, եւ ցանկանում եմ, որ իմ փորձը չմոռացվի: Շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ փորձս փոխանցել Հայաստանին: Նախկինում 2 անգամ եղել էի Հայաստանում: Շատ դժվար էր խաղալ Հայաստանի հավաքականի դեմ, քանի որ լավ ֆուտբոլիստներ կային այդ թիմում: ՈւԵՖԱ-ում միշտ ներկայացրել եմ Հայաստանի հավաքականի մարզիչին եւ ավելի ամրապնդել մեր ընկերությունը:

Հայաստան չեմ եկել հենց այնպես ժամանակ անցկացնելու համար: Եկել եմ, որպեսզի հիմք դնեմ մի ֆուտբոլի, որն այս երկրին կծառայի նաեւ ապագայում: Կփորձեմ կիրառել այն մեթոդը, որն աշխատել է Իսպանիայում: Այստեղ կան լավ ֆուտբոլիստներ, որոնք արագ են եւ լավ են պատրաստված տեխնիկապես: Ցանկանում եմ, որ բոլոր տարիքային հավաքականները խաղան նույն մոդելով, եւ դա տարիներ անց անդրադառնա նաեւ ազգային հավաքականի խաղի վրա: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել: Առաջին իսկ օրվանից սկսել ենք աշխատել: Կստեղծենք աշխատանքային խումբ: Այդ աշխատանքի իմաստը կլինի այն, որ բոլոր հավաքականների մարզիչները կլինեն մյուս հավաքականների մարզիչների օգնականները: Դա բերել է եւ կբերի հաջողությունների: Մինչեւ 21 տարեկանների հավաքականի մարզիչը կօգնի 19 տարեկանների թիմի մարզիչին եւ այդպես շարունակ: Մեր մեթոդաբանության ղեկավարը բոլոր մարզիչներին կսովորեցնի նույն աշխատանքը: Երբ ֆուտբոլիստը մեկ հավաքականից կանցնի մյուսին, նա աստիճանաբար կկատարելագործվի: Սա էր մեր հաջողությունն Իսպանիայում: Այնտեղ մեր աշխատանքային խմբում բոլորն աշխատում էին նույն մոդելով:

Արդեն 15 օր է նույն աշխատանքը կատարում ենք Հայաստանում: Քայլ առ քայլ կշարժվենք առաջ եւ կկառուցենք մարզիչների կրթական համակարգի մեծ բուրգ: Ծրագիրը բաղկացած կլինի 4 խմբից: Առաջինը՝ մենք մարզիչներին կսովորեցնենք մեր մոդելը, որպեսզի Հայաստանում երեխաները փոքր տարիքից ունենան կրթված մարզիչներ. դա շատ կարեւոր է: Մարզիչների կրթվածությունը սկզբունքային է: Եվրոպայում շատ իսպանացի մասնագետներ կրթություն են ստացել ինձ մոտ: Այժմ նրանք դասախոսություններ կկարդան հայ մարզիչների համար: Մոտ ապագայում կտեսնենք այն արդյունքը, որը մենք կտանք Հայաստանին: Սա կլինի շատ սկզբունքային: Կսկսենք ՈւԵՖԱ-ի C կարգի արտոնագրից մինչեւ Pro կարգի արտոնագիր:

Մեր աշխատանքում եւս շատ կարեւոր է ստեղծել կապեր բոլոր ակումբների հետ, եւ տալ նրանց մեր մոդելը: Խոսքը բոլոր ակումբների մասին է: Ես ակումբներին կօգնեմ այդ հարցով: Դա այն մոդելն է, որն ընդմիշտ կարող է աշխատել այստեղ եւ օգտակար լինել ֆուտբոլին: Արդեն հանդիպել եմ մի քանի ակումբների մարզիչների ու ղեկավարների հետ: Պատրաստվում ենք ապագայում պարբերաբար հանդիպումներ ունենալ նրանց հետ եւ բացատրել մեր մոդելը:

Կա եւս մեկ շատ կարեւոր կետ. պետք է ուսումնասիրենք այստեղ անցկացվող մրցաշարերը, որպեսզի մանկապատանեկան թիմերն ունենան իրենց տարիքին համապատասխան մրցաշարեր: Երիտասարդ ֆուտբոլիստը միայն 2 նախադրյալի դեպքում է գրանցում առաջընթաց: Առաջինը՝ որպեսզի ունենա լավ մարզիչներ եւ երկրորդը՝ ունենա իր տարիքին համապատասխան մրցաշարեր: Ֆուտբոլիստը կրթվում եւ կատարելագործվում է այն ժամանակ, երբ մասնակցում է համապատասխան մրցաշարերի եւ ունի համապատասխան մրցակիցներ: Հակառակ դեպքում նա հաջողության չի հասնում: Այստեղի երեխաները կարողանում են անել ամեն ինչ: Երեխան կամ ֆուտբոլիստը, երբ ունենում է արժանի մրցակից եւ գերազանցում է նրան, դրա շնորհիվ նա կատարելագործվում է: Ես լավն եմ, եթե ունեմ լավ աշխատակիցներ: Սա հենց այն է, ինչը մենք պետք է անենք»,- նշեց Խինես Մելենդեսը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ՀՖՖ-ի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

2011-2018թթ. Խինես Մելենդեսը զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի եւ տարբեր տարիքային հավաքականների համակարգողի պաշտոնը: Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ գլխավորելիս նա մարզել է Չավիին, Անդրես Ինյեստային, Իկեր Կասիլյասին, Դավիդ Վիլյային, Սեսկ Ֆաբրեգասին, Խուան Մատային, Ժերար Պիկեին, Իսկոյին եւ այլ աստղային ֆուտբոլիստների: Մելենդեսը 2008 թվականից ՈւԵՖԱ-ի, իսկ 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։