Աարոն Ռեմզին՝ երկրպագուներին. Ծանր սրտով եմ հեռանում «Արսենալից»

09:35   12 փետրվարի, 2019

Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին Թուրինի «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուց հետո դիմել է անգլիական ակումբի երկրպագուներին:

«Ինչպես գիտեք, նախնական պայմանագիր եմ կնքել «Յուվենտուսի» հետ: Ցանկանում եմ հայտարարությամբ հանդես գալ բոլոր այն երկրպագուների համար, որոնք ինձ միշտ աջակցել են լավ ու վատ պահերին: Դուք ինձ ընդունեցիք դեռահասի տարիքում եւ իմ կողքին էիք վերելքների ու վայրէջքների ընթացքում:

Ծանր սրտով եմ հեռանում Հյուսիսային Լոնդոնում անցկացրած 11 տարիներից հետո: Շնորհակալ եմ:

Կշարունակեմ հանդես գալ 100 տոկոսով եւ հույս ունեմ մրցաշրջանը բարձունքում ավարտել Թուրինում նոր էջ սկսելուց առաջ: Հարգանքներով՝ Աարոն»,- թվիթերյան էջում գրել է Ռեմզին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով իտալական ակումբին կմիանա 2019 թվականի հուլիսի 1-ին:

BBC-ի համաձայն՝ «Յուվենտուսում» Ռեմզիի տարեկան աշխատավարձը կկազմի 23 միլիոն եվրո: Նա կդառնա իտալական ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո (տարեկան 31 միլիոն եվրո): 

Հիշեցնենք, որ ուելսցի կիսապաշտպանը 2008 թվականից է «Արսենալի» համակարգում, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 22 խաղի եւ դարձել 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։